
Ինչպես է առանց մրցույթի սեփականաշնորհվել «Ջրաշխարհի» տարածքն ու հարակից լանջը․ «Հետք»
Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու և Մյասնիկյան պողոտայի միջանկյալ մասում այժմ գործում են ջրային հանգստի և ժամանցի համար նախատեսված «Ջրաշխարհ» և «Ակվատեկ» համալիրները, իսկ հարևանությամբ՝ «Վալենսիա» հյուրանոցը։
Դրանք պատկանում են գործարար, «X գրուպի» նախագահ Խաչիկ Խաչատրյանին։
«Հետքը» ներկայացրել է տարածքի սեփականաշնորհման պատմությունը։ Խորհրդային Միության փլուզումից առաջ Մյասնիկյան պողոտայի վերջնամասում ջրավազաններ կառուցելու ծրագիր է սկսվում, որն այդպես էլ չի ավարտվում։ Միության փլուզմանը զուգահեռ շինարարությունը կանգ է առնում։ Մոտ 10 տարի լքված մնալուց հետո կիսակառույց շրավազաններն ու հարակից շինություններն օտարվում են։ 1998 թ.-ին Երևանի Նոր Նորքի թաղապետ Մկրտիչ Մինասյանը Երևանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին հասցեագրած գրությամբ հայտնել է, որ թաղապետարանը «Վալենսիա» համատեղ ձեռնարկությունից ջրաշխարհի տարածքը վարձակալելու դիմում է ստացել։ «ՍՊ ընկերությունը խնդրել է Մյասնիկյան պողոտայի աջակողմյան հատվածի կիսակառույց ջրավազանները իրեն հարող լանջով՝ 7.9 հա տարածքով, վարձակալական հիմունքներով հատկացնել ընկերությանը հանգստի, զվարճալիքների և սպորտային համալիր կազմակերպելու համար»,- գրության մեջ նշել է թաղապետը՝ շարունակելով, որ ընկերությունը պատրաստվում է 2.7 միլիոն դոլարի ներդրում կատարել, որի վերաբերյալ թաղապետարանը դրական կարծիք ունի։ Նոր Նորքի թաղապետի գրությունից երկու շաբաթ անց քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը որոշում է բավարարել «Վալենսիա» ընկերության դիմումը։ Երևանի քաղաքապետի 1998 թ.-ի օգոստոսի 31-ի որոշմամբ(1,2) 7.9 հեկտար մակերեսով հողամասն առանց մրցույթի 50 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվում։
Պետական սեփականություն հանդիսացած հողամասի վրա գտնվող կիսակառույց ջրավազանները հարակից լանջով վարձակալության է տրամադրվել հանգստի, զվարճալիքների և սպորտային համալիրի կառուցման նպատակով։ Վարձակալի և քաղաքապետարանի միջև կնքված վարձակալության պայմանագրում մի լրացուցիչ կետ է ներառվել, որի համաձայն՝ կիսակառույց ջրավազանները վերակառուցելու ծախսերը քաղաքապետարանը պետք է փոխհատուցի (կատարված ծախսերի չափով ազատելով վարձավճարից)։ 7.9 հեկտար հողամասի վարձավճարն առաջիկա 3 տարիների համար (մինչև 2001 թ.-ն) սահմանվել էր գույքի կադաստրային արժեքի 5%-ի չափ, որը կազմել է 5 միլիոն 758 հազար դրամ։ 2003 թ.-ից հետո հողամասի վարձակալության տարեկան վճարը սահմանվել է դրա կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով՝ 11.5 միլիոն դրամ։ Այս ամենից պարզ է դառնում, որ «Վալենսիա» ընկերությունը հողամասը արտոնյալ պայմաններով՝ առանց մրցույթի, վարձակալել է, իսկ վարձավճարը զիջվել է։ Անհասկանալի է, թե ինչու է քաղաքապետարանը որոշել 2.7 միլիոն դոլար ներդրում կատարող տնտեսվարողին ազատել վարձավճարից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։