
Մինչև վերջին օրը ՊԲ-ն հանդիսանում էր ՀՀ ՊՆ կառուցվածքային ստորաբաժանում․ Սամվել Շահրամանյան
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում խոսել է այն պնդումների մասին, թե Արցախի կառավարությունը 2 ժամ է դիմացել, ապա օգնություն է խնդրել ՀՀ ղեկավարներից։
Նման բան չկա։ Արցախցիները դիմացել են 32 տարի, 7 տարեկանից մեծ ցանկացած արցախցի տեսել է երեք լայնածավալ պատերազմ։ Վերջին գործողությունների հետ կապված, մենք ժամեր անց հասկացել ենք, որ մենակ ենք։ 1-ը 10-ի դիմաց ադրբեջանական բանակին դիմադրելն անհնար էր, պետք էր կյանքեր փրկել ամեն բանի գնալով, ինչն էլ արել ենք»,-ասել է նա։
Անդրադառնալով մեղադրանքներին, թե միլիարդավոր զենքեր են թողել, Շահրամանյանն ասել է․ «Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա՝ սպառազինությունն ում հաշվեկշռին էր, ով էր պատասխանատու դրա համար, ում էր ենթարկվում ՊԲ-ն։ Վերջերս նաև ԱԽՔ Սամվել Բաբայանը նշել է, որ մինչև վերջին օրը ՊԲ-ն հանդիսանում էր ՀՀ ՊՆ կառուցվածքային ստորաբաժանում։ Թող չփորձեն մեղավորներ գտնել այդ հարցում, մնացած հարցերին առաջիկայում հնարավորություն կունենանք անդրադառնալու»։


