ԵՄ-ը Հայաստանի զինված ուժերին 10 մլն եվրո աջակցություն կտրամադրի
Եվրամիությունն առաջին անգամ Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո, այսպես կոչված, Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Օժանդակության նպատակն է բարձրացնել Հանրապետության զինված ուժերի նյութատեխնիկական հնարավորությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը։ Որոշումն ընդունվել է ԵՄ–Հայաստան գործընկերության շրջանակներում և հիմնված է «ընդհանուր արժեքների վրա՝ ուղղված Հայստանում և Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը»։
Օգնության փաթեթը նպատակ ունի նաև բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը և արագացնել նրա զինված ուժերի փոխգործունակությունը՝ միջազգային, այդ թվում՝ ԵՄ ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր հետագա մասնակցության դեպքում: Աջակցությունը թույլ կտա մեկ գումարտակի համար ապահովել լիարժեք վրանային ճամբար:
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով՝ անվտանգությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարևոր տարր է, և ԵՄ–ը նշում է փոխադարձ շահագրգռվածությունը արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ երկխոսության հետագա ընդլայնման հարցում՝ դիտարկելով Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ–ի գլխավորած առաքելություններին և գործողություններին։
«ԵՄ–ը հանձնառու է ընդլայնելու Հայաստանի հետ իր համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա՝ ամրապնդելով հարաբերությունները բոլոր հարթություններում: Սա ներառում է արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության ակտիվացում, որը ներառում է նաև անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը»,- նշվել է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։