ՍԴ-ն մերժել է Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա գործի քննությունը
ՍԴ-ն մերժել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից ներկայացված՝ Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցով դիմումի հիման վրա գործի քննությունը․ այս մասին տեղեկացնում է Pastinfo.am կայքը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Դավիթ Տոնոյանի գործով դիմել է ՍԴ։ Օրենսդրական կարգավորման հարցի սահմանադրականության խնդիրը բարձրացրել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանության կողմը։ Խնդիրն այն է, որ գործող Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ, եթե դատարանում գտնվող քրեական գործով՝ մինչև 2022թ հուլիսի 1-ը որոշում է կայացվել՝ դատաքննություն նշանակելու մասին, ապա այդ գործը քննվում և լուծվում է նախկին Քր․դատ․ օրենսգրքի կարգավորումներով, այդ թվում՝ խափանման միջոցի հարցի առնչությամբ։ Այլ խոսքով՝ օրենսդրական կարգավորման պատճառով մինչև 2022թ հուլիսի 1-ը դատարան մուտքագրված գործերով մեղադրյալները զրկվում են նոր օրենսգրքով սահմանված այլընտրանքային խափանման միջոցների կիրառումից, օրինակ՝ կալանքը տնային կալանքով կամ վարչական հսկողությամբ փոխարինելու հնարավորությունից։ Այս հարցը, ի թիվս այլնի, բարձրացվել է Դավիթ Տոնոյանի գործով՝ թե՛ առաջին ատյանի դատարանում, թե՛ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։ Ի վերջո, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պաշտպանների բողոքի հիման վրա դիմել է ՍԴ։
«Փաստինֆո»-ն ՍԴ-ից տեղեկանում է, որ աշխատակարգային որոշում է կայացվել՝ գործի քննությունը մերժելու մասին։ ՍԴ-ն եզրահանգել է, որ Դիմողի (Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հեղ․)՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։ Անդրադառնալով Դիմողի այն պնդմանը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթներ նախատեսող 483-րդ հոդվածի 7-րդ մասը «(…) խախտում է կամ կարող է խախտել անձի՝ օրենքի առջև հավասարության իրավունքը», Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ նշված սկզբունքը վերաբերում է միևնույն օրենքի առջև նույն իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ անհիմն և անօրինական տարբերակված վերաբերմունք դրսևորելուն: ՍԴ-ն կարևորել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթներ նախատեսող 483-րդ հոդվածի 7-րդ մասը չունի ինքնուրույն կիրառություն, այլ պարզապես միջնորդավորում կամ անհրաժեշտ է դարձնում քրեական վարույթի ընթացքում «քննվող և լուծվող» հարցերի լուծման համար վերաբերելի կարգավորումներ նախատեսող 1998թ. քրեական դատավարության օրենսգրքի կիրառումը, որոնց սահմանադրականության հարց Դիմողը Սահմանադրական դատարանի առջև չի բարձրացնում: