13 Հոտ
2024
21.1° c ԵՐԵՎԱՆ
13.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի «հակառուսական ցատկոտումները»

Փաշինյանի «հակառուսական ցատկոտումները»

Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանում իշխանազավթում իրականացնելուց և պետական կարգը փաստացի տապալելուց հետո օրակարգում հայտնված հարցերի շարքում առաջնայիններից մեկը արտաքին վեկտորի խնդիրն էր, ինչի վերաբերյալ 2018-ի փողոցային իր ելույթներում Փաշինյանը կոկորդ էր պատռում, թե «ՀՀ արտաքին քաղաքականության մեջ վեկտորի փոփոխություն չի լինելու», այդ կերպ համապատասխան բևեռներին ուղարկելով կոնկրետ մեսիջներ։ Սակայն արդեն 2018-ի հոկտեմբերին, երբ տարածաշրջանային այցով Հայաստանում էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, պարզ դարձավ, որ վերջինիս բառերով ասված՝ Հայաստանը դուրս եկավ «պատմական կարծրատիպերից», և սկսվեց անընկալելի ու որևէ տրամաբանական հիմնավորում չունեցող արտաքին «քաղաքական ցատկոտումներ»։

Նախ ակնհայտ դարձավ, որ հավաքական Արևմուտքը, որն իր ուրույն դերակատարումն էր ունեցել Փաշինյանին իշխանության բերելու հարցում, ամեն ինչ անելու է նրա ձեռամբ հանրության շրջանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու հարցում և բոլոր միջոցները կիրառելու է հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ ավելի ցցուն կերպով Հայաստանում, ՌԴ-ին գործոնը մինիմումի հասցնելու համար։ Եվ աստիճանաբար այդ մեխանիզմը սկսվեց գործի դրվել՝ սկզբնական շրջանում տարբեր փոքր «տրամաչափի» գործիչների դեմքով, իսկ որոշակի գործընթացներից հետո այս հարցին լծվեց իշխող վարչախումբը։

Թերևս կհամաձայնեք, որ հայ-ռուսական հարաբերությունների համար վերջին 3-4 տարիներն ամենածանր էին Հայաստանի անկախության ձեռքբերումից ի վեր։ Սա  պայմանավորված էր 2020-ի Արցախյան պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ռազմական ներխուժումներից հետո, որոնք Փաշինյանը մեկնաբանում էր, որպես «դաշնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու» պրիզմայից։ Իր խոսքում նա քանիցս ընդգծել է, որ Հայաստանը բացահայտ դժգոհ է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դիրքորոշումից՝ համարելով, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները։ Այս պնդումները վերը նշված գործընթացների ուղղակի բաղադրիչներն էին։  Ակնհայտ է, որ Ռուսաստան–Արևմուտք ընթացող փաստացի հակամարտությունն ավելի է բարդացնում իրավիճակը։ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ շփումներն ակտիվացնելու Հայաստանի ցանկացած փորձ Ռուսաստանում ընկալվում է «դավաճանություն», իսկ ռուս որոշ փորձագետներ Հայաստանին մեղադրում են «Ուկրաինայի ճանապարհն ընտրելու մեջ», իրականում այստեղ որոշակի ճշմարտության տարրեր կան, սակայն դա այլ քննարկման ու ուսումնասիրության առարկա է։

Ակնհայտորեն տեսնում ենք, որ Փաշինյանը մի ձեռքով իր անմեղսունակ քայլերով փորձում է ՀՀ-ն ուկրաինացնել, մյուս ձեռքով շարունակում կառչած մնալ ռուսական շուկաներից, որոնք ներկայումս ՀՀ համար ունեն կենսական նշականություն և ՀՀ ՀՆԱ-ի առյուծի բաժինն են կազմում։

Չնայած ՌԴ հասցեին հնչող կոշտ հայտարարություններին, մեղադրանքներին ու դժգոհություններին, այնուհանդերձ, հայ-ռուսական երկկողմ տնտեսական կապերը բուռն զարգացում են ապրում։ Մասնավորապես, պետական փաստաթղթերից պարզ է դառնում, որ 2023-ին երկկողմ առևտրաշրջանառությունը կարող է հասնել 6 մլրդ դոլարի, ինչն աննախադեպ ցուցանիշ է երկու պետությունների համար։ Դա մասամբ պայմանավորված է0 Հայաստանից Ռուսաստան արտահանման կտրուկ աճով։ Այստեղ էական դեր են խաղում նաև Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումները, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր ռուսաստանցիները։

Բացի դրանից՝ նույն 2023-ին արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է ավելի քան 42.9 տոկոսով (2 564-ից հասնելով 3 609 մլն ԱՄՆ դոլարի)։ Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 42,9%-ը ուղղվում է ԵԱՏՄ։ ՌԴ-ն ՀՀ հիմնական առևտրային գործընկերն է և դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը ամենադիվերսիֆիկացվածն է, և հիմնականում պատրաստի արտադրանքն արտահանվում է Ռուսաստան։ Նույն ժամանակահատվածում մեքենաների և սարքավորումների արտահանումը Ռուսաստան աճել է ավելի քան 10 անգամ, մինչդեռ այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են քիմիական, պլաստմասե, կերամիկա, ապակի և մետաղներ, աճել են ավելի քան 3 անգամ։  Հավելենք, որ նույն Արևմուտքի հարցում գործերը, մեղմ ասած, այնքան էլ բարվոք չեն․ 2023 թվականի վերջի դրությամբ ԵՄ-ն չորրորդ տեղում է գործընկեր տարածաշրջանների արտահանման մեջ, և 2023 թվականին Հայաստանի արտահանման ընդամենը 8.4 տոկոսն է բաժին ընկել ԵՄ-ին։

Նշված թվական ցուցանիշները խոսում են այն մասին, որ Փաշինյանն ու իր թիմակիցները, ինչքան էլ վատաբանեն ՌԴ-ին և նրա վարած քաղաքականությունն ու գործողությունները, որտեղ իրականում կան բավականին խնդրահարույց ու խորքային խնդիրներ, առկա է ուղղակի կախում, և դա ՀՀ-ում իշխանության եկածների համար ունի կարևորագույն նշանակություն՝ փողը, շատ փողը։ Եվ երբ Փաշինյանն ԱԺ ամբիոնից խոսում է «կայսրին ծառայելու», «Հայաստանը գուբերնիա դարձնելու», «ՀՀ շահը կայսրեական շահին ստորադասելու» և նմանօրինակ դեմագոգիկ պնդումների մասին, դրան զուտ տեսարանային ու իրավիճակային մանիպույացիաներ են, քանի որ հաջորդ իսկ վայրկային նա ընդգծում է, թե «կոռեկտ չէ ՌԴ նման երկրի հետ նման բառամթերով խոսելը»։

Ավելին, Փաշինյանի «հակառուսկանության» առավել վառ դրսևորումներից է այս օրերին Երևանում անցկացվող ԵԱՏՄ տնտեսական ֆորումը, որին մասնակցում են միության անդամ երկրների կառավարության ու բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ում օդանավակայանում նախօրեին համապատասխան ընթացակարգով դիմավորեց Մհեր Գրիգորյանը։ Բացի դրանից նախատեսվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել նաև հոկտեմբերի 8-ին Սանկտ-Պետերբուգում նախատեսված ԱՊՀ երկրների գագաթնաժողովին․ ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Փաշինյանը պատրաստվում է ՌԴ մեկնել հոկտեմբերի 7-ին՝ մեկ օր շուտ, որպեսզի մասնակցի Վլադիմիր Պուտինի տարեդարձին։

Ամփոփելով նշենք, որ ըստ ամենայնի՝ Ռուսաստանը առաջիկա տարիներին շարունակելու է մնալ Հարավային Կովկասում առավել ազդեցիկ խաղացողներից մեկը, և նրա հետ հարաբերությունների վատթարացումը միայն հավելյալ խնդիրներ կստեղծի Հայաստանի համար։ Ինչ վերաբերվում է Փաշինյանի տարբեր բևեռներ ցատկելու փորձերին, ապա իրականում նրան լուրջ չեն վերաբերվում ո՛չ Արևմուտքում, ո՛չ Ռուսաստանում և ուղղակի օգտագործում են ըստ ստեղծված իրավիճակի ու պահի հարմարավետության։

Արմեն Հովասափյան