26 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի 1679 թվականի ավերիչ երկրաշարժը

Երևանի 1679 թվականի ավերիչ երկրաշարժը

1679 թվականի հունիսի 4-ին Երևանում (տեղի է ունենում ուժգին երկրաշարժ՝ 7 մագնիտուդ հզորությամբ: Ըստ որոշ տեղեկությունների` երկրաշարժը տեղի է ունեցել կեսօրին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Գառնիի տարածքում: 

Ուժգին երկրաշարժի հետևանքով ավերվում են Երևանի և շրջակայքի մի շարք պատմական ու մշակութային հայտնի շինություններ: Ավերվում է Երևանի բերդը, Կարմիր կամուրջն ու քաղաքի մի քանի պարսկական մզկիները: Պատմական մի շարք տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ավերվել է մոտ 12 եկեղեցի, որոնց ցանկում են եղել Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս և Զորավոր Աստվածածին եկեղեցիները, ինչպես նաև Գեթսեմանի մատուռը: 

Այդ շրջանի և երկրաշարժի մասին պատմական սակավ տեղեկությունները փաստում են, որ այն մեծ ավերածություններ առաջացրեց Երևանում և քաղաքի շրջակայքում: «Ամեհի  երկրաշարժը կործանում է բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, գյուղեր, նաև Գառնիի տաճարը: Մատենադարանի ձեռագրերից մեկում ասվում է, որ երկրաշարժի հետևանքով  ցամաքել են աղբյուրները, և այլ տեղերից բխել է սև ջուր, պատռվել են՝ ժայռերն ու վեմերը, և նրանց միջից բոց է դուրս եկել, իսկ բարձրացած մառախուղը` Գառնիից մինչև Արագած, ողջ երկիրը ծածկել է վարագույրով։ Երկրաշարժը կրկնվել է ամեն օր և տևել մինչև հոկտեմբեր… Հիմնահատակ ավերվել է Երևանը։ Ամբողջովին փլվել են բերդն ու պարիսպները, եկեղեցիները, կամուրջները, տները: Զաքարիա Սարկավագը միայն իր հայրենի Քանաքեռում երկրաշարժի 1228 զոհ է հաշվում և ավելացնում, որ «ոչ մնաց շուն, ոչ կատու և ոչ հավ»: Ըստ որոշ տվյալների, Երևանում և երկրաշարժի գոտում զոհերի թիվը եղել է 7600 մարդ»: (Վարդանյան Ս., «Հայաստանի մայրաքաղաքները», Երևան, 1995, էջ 202): 

Հարկ է նշել, որ երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Հովհաննավանքին, Գեղարդավանքին և Երևանի շրջակայքի մի շարք այլ պատմական ու մշակութային կառույցներին: Երևանում երկրաշարժի զոհերը հիմնականում հուղարկավորվել են Հին Երևանի Կոզեռնի գերեզմանատանը: Երկրաշարժից հետո քաղաքում սով էր սկսվել։ 1679 թվականի հունիսի 4-ի երկրաշարժը դարձել էԵրևանի և նրա շրջակայքի պատմության ամենաաղետալի իրադարձություններից մեկը՝ պատճառելով աննախադեպ մարդկային և նյութական կորուստներ։ Այն ոչ միայն ավերել է քաղաքի ճարտարապետական ու հոգևոր ժառանգության մեծ մասը, այլև երկարատև հետևանքներ թողել բնակչության կյանքի և սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

Ըստ որոշ տեղեկությունների` զոհերի թիվը հասել է 8000-ի: Չնայած ծանր կորուստներին Երևանը աստիճանաբար վերականգնվել է՝ պահպանելով իր պատմական հիշողությունը որպես դիմակայող և վերածնվող քաղաք։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026