
Մասկը թերահավատորեն է վերաբերում Թրամփի 500 միլիարդ եվրո արժողությամբ AI մեգա պլանին
Տեխնոլոգիական միլիարդատեր և ԱՄՆ նախագահի մերձավոր դաշնակիցը դիպուկ հարվածել է Սպիտակ տան առաջին կարևոր առաջարկներից մեկին: Տեխնոլոգ միլիարդատեր Իլոն Մասկը սառը ջուր է լցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից շեփորած կես տրիլիոն դոլար արժողությամբ արհեստական ինտելեկտի (AI) նախաձեռնության վրա, գրել է Politico-ն:
Նրա քննադատությունն ընդգծում է Թրամփի լայն կոալիցիայում հիմնական քաղաքականության հարցերի շուրջ ճեղքվածքների հնարավորությունը:
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ մի քանի տեխնոլոգիական հսկաներ, ներառյալ OpenAI-ը, Oracle-ը և MGX-ը, գումարած ճապոնական ներդրումային SoftBank ընկերությունը, մոտ 500 միլիարդ դոլար կներդնեն ԱՄՆ-ում չորս տարվա ընթացքում տվյալների կենտրոնների կառուցման համար: Թրամփն այսպիսով գովազդել է նախագիծը, որը հայտնի է որպես Stargate՝ «ամենամեծ AI ենթակառուցվածքային նախագիծ պատմության մեջ»: «Դա մեծ գումար է և բարձրորակ մարդիկ», – նշել է Թրամփը՝ այս նախաձեռնությունն անվանելով «Ամերիկայի ներուժի հանդեպ վստահության հնչեղ հայտարարություն»:
Սակայն Մասկը թերահավատորեն է արձագանքել OpenAI-ի մամուլի հաղորդագրությանը, որը հայտարարել է նախաձեռնության ֆինանսավորման մասին՝ նախնական 100 միլիարդ դոլարի ներդրմամբ:
«Նրանք իրականում փող չունեն», – հայտարարել է Մասկը: X-ում հաջորդ գրառման մեջ սոցիալական մեդիա մագնատն ավելացրել է. «SoftBank-ը 10 միլիարդ դոլարից ցածր ապահովվածություն ունի: Ես դա վստահելի աղբյուրներից գիտեմ»։
Մասկը երկար ժամանակ է, ինչ վատ հարաբերություններ ունի Սեմ Ալթմանի հետ, ում հետ հիմնել է OpenAI ընկերությունը, որը ստեղծել է արհեստական ինտելեկտի ChatGPT չաթբոտը: Մասկը դուրս է եկել OpenAI-ից 2018 թվականին, ինչից հետո ծաղրել է Ալթմանին՝ անվանելով նրան «խարդախ Սեմ», մինչդեռ Ալթմանը Մասկին կոչել է «կռվարար»: