
Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ. Պեսկով
Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հանդիպման համար բոլոր նախապատրաստական աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ Եվ ես կցանկանայի հիշեցնել, որ նախագահն ինքը չի բացառել նման հանդիպման անցկացումը՝ փորձագիտական մակարդակով անհրաժեշտ աշխատանքը կատարելուց և անհրաժեշտ հեռավորությունը հաղթահարելուց հետո», – լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
Այս ֆոնին Մոսկվան շարունակում է պատրաստվել Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հնարավոր այցին։ Դմիտրի Պեսկովը ընդգծել է ամերիկյան կողմի հետ երկխոսության կարևորությունը.
«Մենք միշտ ուրախ ենք տեսնել պարոն Ուիտկոֆին Մոսկվայում, և այդ շփումները համարում ենք կարևոր, բովանդակալից և շատ օգտակար»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիտկոֆի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ օգոստոսի 6-ին կամ 7-ին: Այցը նախատեսված էր դիվանագետի Իսրայել այցից հետո, սակայն հանգստյան օրերին այցը չկայացավ։
Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ միջնորդական ջանքերը կարևոր են բանակցային ընթացիկ գործընթացի համար.
«Այդ ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում: Աշխատանքը շարունակվում է», – հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը պահպանվում է՝ չնայած միջազգային բարդ իրավիճակին.
«Երկխոսությունը շարունակվում է, Միացյալ Նահանգները շարունակում է միջնորդական ջանքերը՝ ուկրաինական կարգավորման ուղի փնտրելով», – ընդգծել է Պեսկովը։
Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով սոիցալական ցանցերում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի ունեցած վեճը նշել է, որ Ռուսաստանում արտաքին քաղաքականության վերաբերյալ տեսակետը ձևավորում է նախագահ Վլադիմիր Պուտինը, ուստի նրա դիրքորոշումն ամենակարևորն է։
Նա նշել է, որ յուրաքանչյուր երկրում ղեկավարության անդամները աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տարբեր տեսակետներ և տարբեր տրամադրություններ ունեն։ Պեսկովն ընդգծել է, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում նույնպես կան բավականին կոշտ տրամադրված մարդիկ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ Պեսկովը կոչ է արել ուշադրություն դարձնել Պուտինի խոսքերին ու դիրքորոշմանը։
«Բայց գլխավորը, իհարկե, նախագահ Պուտինի դիրքորոշումն է։ Մեր երկրում արտաքին քաղաքականությունը ձևավորում է պետության ղեկավարը, այսինքն՝ Պուտինը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հանրային վիճաբանության մեջ են մտել սոցիալական ցանցերում։ Ամերիկացի առաջնորդը ռուս քաղաքական գործչին խորհուրդ է տվել հետևել իր խոսքերին՝ ակնարկելով, որ նա «վտանգավոր տարածք» է մտնում։ Ի պատասխան՝ Մեդվեդևը Թրամփին կոչ է արել վերանայել «քայլող մեռյալների» մասին ֆիլմերը և հիշեցրել է «Մեռած ձեռք» նախագծի մասին։


