
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հուսալի ուղի է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի Հարավային Կովկասում հուսալի և կայուն խաղաղության․ ինչպես հայտնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Այնտեղ, կարծես, շարունակվում են կայուն խաղաղության որոնումները։ Մենք նկատում ենք խրախուսական միտումներ՝ ուղղված երկու երկրների միջև համապարփակ միջպետական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հուսալի ուղի է», – նշել է նա։


