
«Քաղաքակիրթ ամուսնալուծություն» Ռուսաստանի հետ. ընտրություն և գին՝ Հայաստանի համար․ DW
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին առաջարկել է «մեղմ ամուսնալուծություն»՝ ըստ էության ստիպելով Երևանին ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև։ Հայաստանում շատերը Պուտինի խոսքերն ընկալեցին որպես Երևանի վրա ճնշման ուժեղացում՝ հստակ նշան, որ կուլիսային դիվանագիտության և լուռ փոխզիջումների ժամանակը, հավանաբար, ավարտվել է․ գրում է Deutsche Welle-ն:
Ինչպես նշվում է, չնայած Հայաստանը պաշտոնապես մնում է Մոսկվայի հովանու ներքո գտնվող բոլոր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ, երկիրը վաղուց հետևողականորեն հեռացել է Ռուսաստանից: Երևանը սկսել է մերձեցման ուղի Բրյուսելի հետ՝ բացահայտ հայտարարելով Եվրամիությանը միանալու իր մտադրության մասին և այս վեկտորն ամրագրելով օրենսդրությամբ:
Երևանում այս գործընթացն անվանում են «դիվերսիֆիկացում», մինչդեռ Մոսկվան այն դիտարկում է որպես աշխարհաքաղաքական շրջադարձ: Սակայն այս անգամ Կրեմլի հռետորաբանության կտրուկ խստացման կատալիզատորն ամբողջ տարածաշրջանի համար աննախադեպ դիվանագիտական իրադարձություններն էին։
DW-ն ընդգծում է, որ ՀՀ իշխանությունների աշխարհաքաղաքական մանևրները տեղի են ունենում հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների ֆոնին։ Չնայած Փաշինյանի թիմի արևմտամետ հռետորաբանությանը՝ թվերը պարադոքսալ պատկեր են ստեղծում. 2018 թվականից ի վեր Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ոչ միայն չի նվազել, այլև իրականում կտրուկ աճել է։ Առևտրաշրջանառությունը, մասնավորապես՝ Ռուսաստան արտահանումը, մի քանի անգամ աճել է, մինչդեռ ԵՄ շուկաներ մատակարարումները նվազել են 5%-ով։
Ռուսաստանի անվտանգության խորհուրդն արդեն զգուշացրել է, որ կապերի խզումը սպառնում է ՀՀ տնտեսությանը կտրուկ անկմամբ։ Մասնագետները գնահատում են, որ ռուսական շուկայի կորուստը «ծանր ցնցում» կլինի երկրի համար։ Այս մասին հստակ ակնարկ է արվել նաև ամենաբարձր մակարդակով։
Ներկայում Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական գազից։ Ռուսաստանը ոչ միայն գազ է մատակարարում Հայաստան, այլև այն բաշխում է երկրի ներսում՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով, որը «Գազպրոմ»-ի տեղական դուստր ձեռնարկությունն է։ Միակ այլընտրանքն՝ իրանական խողովակաշարը (նույնպես պատկանում է ռուսական «Գազպրոմ»-ին), չի լուծում ռազմավարական խնդիրը։ Դրանով մատակարարումներն իրականացվում են «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային համակարգի շրջանակում և ծածկում են ընդհանուր սպառման միայն 15-17%-ը։
Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ԵԱՏՄ-ից դուրս գալու իրական տնտեսական հետևանքներին։ Կկարողանա՞ Եվրամիությունը մեղմել այս հարվածը, և որքանո՞վ ցավոտ կլինի անցումային շրջանը։ Վերջապես, արդյոք եվրոպական շուկայում հայկական ապրանքների զանգվածային վաճառքի հեռանկարն իրական այլընտրա՞նք է, թե՞ վտանգավոր պատրանք։ Ըստ որոշ հայ փորձագետների՝ ավերիչ հետևանքների մասին խոսակցությունները հաճախ չափազանցված և քաղաքականացված են։


