
Առևտրային պատերազմ․ Փաշինյանի հետ բանակցելն անհնար է․ ռուսական մամուլ
Նիկոլ Փաշինյանը պատրանքներ ունի իր քաղաքական անխոցելիության վերաբերյալ․ նշում է քաղաքագետ Նիկիտա Մենդկովիչը։
«Московский Комсомолец»-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ ՀՀ վարչապետը վստահ է՝ քանի որ իր դիրքերը չեն խաթարվել նույնիսկ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո, նա այժմ կարող է վստահորեն ուղղորդել երկիրը դեպի Եվրոպա։ Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանը հույսը դնում է ընդդիմության ինքնակազմակերպման և իր ծրագրերը խափանելու անկարողության վրա։ Այնուամենայնիվ, փորձագետը հիշեցրել է Կրեմլի դիրքորոշումը Երևանի երկակի ուղու վերաբերյալ։
Քաղաքագետի խոսքով՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հնարավոր դիվանագիտական խզման ժամկետներն այժմ ուղղակիորեն կախված են նրանից, թե որքան հեռու է պատրաստ գնալ Երևանը Եվրամիության հետ ինտեգրացիոն գործընթացներում։
«КоммерсантЪ»-ը գրում է, որ Մոսկվայի և ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրման ձգտող Երևանի միջև լարվածության սրումը հանգեցրել է ևս մի առևտրային պատերազմի: Մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանն արգելել է ծաղիկների, միրգ-բանջարեղենի, «Ջերմուկ» հանքային ջրի և կոնյակի ներմուծումը մի քանի կարևոր հայկական ձեռնարկություններից՝ պարտադիր պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Սակայն, դժվար թե առճակատումը դրանով ավարտվի:
Հայաստանից ալկոհոլային խմիչքների ներմուծման սահմանափակումները կարող են նաև բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի արտադրողների վրա: Սպառողների իրավունքների պաշտպանության ազգային միության ղեկավար Պավել Շապկինի խոսքով՝ ռուսական գործարանների մոտ կեսն իրենց արտադրության մեջ օգտագործում է հայկական կոնյակի սպիրտ: Այնուամենայնիվ, Երևանի հետ քաղաքական քննարկումներում Մոսկվան դեռևս չի օգտագործել հանրապետություն ռուսական հումք մատակարարելու «կոշտ» փաստարկը՝ գազը:
Ռուսաստանը և Հայաստանը նաև ունեն ընդհանուր ենթակառուցվածքային նախագծեր: 2008 թվականից ի վեր հայկական երկաթուղային ենթակառուցվածքը գտնվում է Ռուսաստանի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կառավարման ներքո։
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նշում է, որ «քաղաքականության մեջ զգացմունքները վատ օգնականներ են»։
Փորձագետը կարծում է, որ Փաշինյանի դեմ կոշտ գործողությունները նրա օգտին են, ինչը նրան թույլ է տալիս կոչ անել կառավարության շուրջ համախմբվել որպես հակազդեցություն։
«Արտաքին ճնշումը գրեթե միշտ համախմբում է ընտրազանգվածին կառավարության շուրջ», – նշում է փորձագետը։


