
Հայաստանի առաջ դրված է հիմնարար հարց՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ․ Լեբեդև
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն մասնակցում է Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ադեկվատ մարդ է․ Вести-ի հետ զրույցում նշել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Նա ադեկվատ մարդ է և լիազորված է ստորագրել փաստաթղթեր, ուստի, որքան ես գիտեմ, քննարկումներ են ընթանում։ Իհարկե, քննարկվում են ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի թեմաները, բայց դա կորոշվի նեղ կազմով հանդիպման ավարտին»,- նշել է նա։
Լեբեդևի խոսքով՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի վերաբերյալ Հայաստանի մտադրությունների հարցը հիմնարար է։
«Իմ կարծիքով՝ այս հարցը կքննարկվի բարեկամաբար։ Մյուս կողմից՝ հիմնարար հարցը հետևյալն է. դուք ընտրում եք ԵԱՏՄ-ն, թե՞ ԵՄ-ն։ ԵՄ-ն երկար պատմություն է։ Շատ երկրներ ցանկանում են միանալ ԵՄ-ին, և ԵՄ-ին միանալու գործընթացը տարիներ է տևում։ Սակայն ԵԱՏՄ-ն իրականություն է, որից մենք հիմա չենք կարող հրաժարվել։ Դրանից շատ բան է կախված», – նշել է պաշտոնյան։
Լեբեդևի կարծիքով՝ Հայաստանը նույնպես գիտակցում է Եվրասիական տնտեսական միության կարևորությունը։
«Հետևաբար, ոչ ոք հիմա չի պլանավորում խզել կապերը ԵԱՏՄ-ի հետ, ինչպես արդեն հայտարարել են Փաշինյանն ու շատ այլ առաջնորդներ։ Հետևաբար, համագործակցությունը կշարունակվի։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, կտեսնենք», – հավելել է նա։


