
Հայաստանի ընտրությունները և գերտերությունների շահերը․ միջազգային մամուլի ամփոփում
Ռուսաստանը կտրուկ քննադատել է Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար՝ նշելով, որ այն հավասարակշռված դիրքորոշում չի պահպանում Մոսկվայի նկատմամբ և համագործակցում է Ռուսաստանի դեմ տրամադրված եվրոպական երկրների հետ․ գրում է Euronews-ը։
Ինչպես նշվում է, ժամանակակից տեխնոլոգիաների համար կենսականորեն կարևոր հազվագյուտ հանքանյութերը և Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև TRIPP առևտրային երթուղու համաձայնագրերը ոչ միայն Վաշինգտոնի համար խոշոր տնտեսական նվաճումներ են, այլև ազդարարում են ԱՄՆ-ի կարևորագույն աշխարհաքաղաքական շրջադարձը դեպի Ռուսաստանի կողմից տնտեսապես գերիշխող և Չինաստանի համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան։
Միևնույն ժամանակ, Հայաստանի ընտրարշավին ռուսական միջամտության մասին տարածված մեղադրանքների ֆոնին՝ Կրեմլն ուժեղացրել է Երևանին ուղղված իր բազմակի նախազգուշացումները՝ սպառնալով դադարեցնել էժան գազի և նավթի մատակարարումները և կիրառել հետագա արգելքներ հայկական ապրանքների արտահանման համար։
Փաշինյանը մինչ այժմ խուսափել է Մոսկվայի հետ բացահայտ բախումից։ Սակայն նա շարունակել է հարձակվել իր հակառակորդների վրա՝ մեղադրելով նրանց օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու համար։
Bloomberg-ը նշում է, որ Երևանի կառավարությունը զայրացրել է Կրեմլին՝ հայտարարելով Եվրամիությանն անդամակցելու իր մտադրության մասին, չնայած դաշինքին անդամակցելու ցանկացած հեռանկար կարող է տարիներ տևել։
Politico-ն գրում է, որ Թրամփը ծափահարում է Հայաստանի վարչապետին ընտրություններից առաջ։ Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, քանի որ աճում է հիասթափությունը վաղեմի դաշնակից Ռուսաստանից։
France 24-ն ընդգծում է, որ հունիսի 7-ին ՀՀ-ում կայանալիք ընտրություններում չափազանց լարված մրցավազք է սպասվում։ Ինչպես նշվում է, հարավկովկասյան երկիրը դեռևս տառապում է նաև 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գրավումից և 100․000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթից։
Carnegie վերլուծական կենտրոնը նշում է, որ հունիսի 7-ի Հայաստանի ընտրությունների ազդեցությունը Երևանից այն կողմ է անցնում։ Դրանց արդյունքը և հաջորդ խորհրդարանում ուժերի հավասարակշռությունը կօգնեն որոշել, թե արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը և ԱՄՆ-ի միջնորդությամբ մշակված TRIPP նախագիծը կշարունակեն առաջ շարժվել միասի՞ն, թե՞ երկուսն էլ կկորցնեն իրենց թափը՝ թողնելով ավելի շատ տեղ ռուսական ազդեցության համար։
Ընտրությունների արդյունքից անկախ՝ TRIPP-ն առաջարկում է միջին ուղի։ Արևմտյան քաղաքականության մշակողները պետք է հստակ պատկերացնեն, թե ինչն է վտանգված։ Ռուսաստանի ազդեցությունը չի նվազի պարզապես այն պատճառով, որ Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք։ Այն կնվազի միայն այն դեպքում, եթե խաղաղության գործընթացը բավականաչափ դիմացկուն լինի՝ դիմակայելու Հայաստանի ներքին քաղաքականության մեջ առաջացող անհաջողություններին և ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող խափանումներին։
Այս առնչությամբ The Hill-ը նկատում է, որ Թրամփը փորձում է օգնել ամերիկյան էներգետիկ ընկերություններին «մուտք գործել» Կենտրոնական Ասիա։


