
Մեծ Բրիտանիան անհամբեր սպասում է ՀՀ-ի հետ համագործակցելուն՝ «տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու և սերտ հարաբերություններ զարգացնելու համար»
ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Ջեյմս Ֆորդը հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ընտրությունների և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության գործունեության մասին․
«Մեծ Բրիտանիան ողջունում է ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները, որոնցում նշվում է, որ ընտրության օրը կազմակերպվել է կարգուկանոնով և պրոֆեսիոնալ կերպով, քվեարկությունը մեծ մասամբ հարթ է ընթացել ընտրատեղամասերում։
Մենք գովաբանում ենք Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրությունները կազմակերպելու համար և շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին նրա հաղթանակի կապակցությամբ։
Մեծ Բրիտանիան գնահատում է ԺՀՄԻԳ-ի կարևոր դերը ընտրական գործընթացների անկախ գնահատականներ տրամադրելու գործում և հպարտ է լինել այն 42 մասնակից պետությունների շարքում, որոնք դիտորդներ են ուղարկել Հայաստան։ Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանին աջակցելու հարցում՝ ամրապնդելու նրա ժողովրդավարական դիմադրողականությունը։
Մեծ Բրիտանիան անհամբեր սպասում է նոր, ժողովրդավարական ճանապարհով ընտրված Հայաստանի կառավարության հետ համագործակցելուն՝ մեր ռազմավարական գործընկերությունն իրականացնելու, տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու և եվրոպացի գործընկերների հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու համար»։


