
ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, իսկ թե ընտրությունների նախաշեմին ՌԴ-ից քանի՞ քաղաքացի է ՀՀ եկել,չեմ ցանկանա նշել․ ՆԳ նախարար
Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ Մեր ընտրական օրենսգիրքը տալիս է բոլոր քաղաքական ուժերին բոլոր հնարավոր գործիքակազմերը հետևելու այդ ամբողջ գործընթացին և հավաստիանալու, որ ընտրական պրոցեսները պատշաճ են կազմակերպվում․ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ ԿԸՀ ներկայացրած դիմումին։
«Ես գոնե թե չեմ տեսել մինչև այս պահը քաղաքական որևէ ուժի կողմից որևէ ներկայացրած արձանագրում, որը կլինի փաստահեն, իրավաչափ և նմանատիպ պնդման կհանգեցնի, որովհետև ես հակառակն եմ ընդհուպ տեսել, որ տարբեր քաղաքական ուժերի կողմից տարբեր փաստեր են հանրայնացվում, փաստեր, բայց իրենց գնահատմամբ՝ փաստեր, որոնք տարածվում են նաև համացանցում տարբեր օգտատերերի կողմից, և երբ մենք օգտատերերին խնդրում ենք ներկայացնել փաստ՝ ինչի՞ հիման վրա են այդ տվյալը հանրայնացրել, և խնդրում ենք ներկայացնել հանցագործության մասին հաղորդում, տվյալ օգտատերերը հրաժարվել են պարզապես ներկայացնել հաղորդում, որովհետև նշել են, որ ուղղակի արտատպել են»,-ասաց նախարարը։
Ըստ նրա՝ բոլոր հարցերը, որոնք եղել են թե՛ իրենց տեսադաշտում, և թե՛ նաև անձանց կողմից է ներկայացվել հաղորդում, անխտիր բոլորը ներկայացվել են նախաքննական մարմին․ «Որոշ դրվագներով իրականացրել ենք ստուգողական աշխատանքներ, և երբ ոչինչ չենք հայտնաբերել, բնականաբար, անիմաստ քննչական մարմիներին չենք ծանրաբեռնել այս տեսանկյունից»։
Հարցին, թե ՆԳՆ-ն տեղեկություններ ունի՞, թե Ռուսաստանից քանի քաղաքացի է եկել այս ընտրական շրջանում, նախարարը պատասխանեց․ «Բնականաբար, թե՛ Ներքին գործերի նախարարության, թե՛ Ազգային անվտանգության ծառայության, թե՛ Արտաքին հետախուզության ծառայության կողմից թեման ուշադրության կենտրոնում է, այս պահին թվեր հրապարակել չէի ցանկանա»։
Նա նշեց, որ ունեցել են նաև վարույթներ, որոնցով անցնում են նաև Ռուսաստանի Դաշնությունից եկած մեր հայրենակիցները․ «Ընդ որում՝ ունենք ձերբակալումներ նրանց շրջանում, բայց ուզում եմ նորից շեշտել՝ ամբողջը իրավաչափ վարույթի շրջանակում»։


