24 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է դիտարկել որպես ազգային անվտանգության խնդիր․ Օսկանյան

Ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է դիտարկել որպես ազգային անվտանգության խնդիր․ Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման վերաբերյալ Ադրբեջանի հնչեցրած պահանջներին՝ դրանք որակելով որպես պետական մակարդակով իրականացվող ծրագիր և ազգային անվտանգության լուրջ սպառնալիք։

Օսկանյանի խոսքով՝ այս հարցը չպետք է դիտարկվի իշխանություն-ընդդիմություն հակամարտության համատեքստում․ այն պետք է դառնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգային խնդիր։

«Խոսքս իշխանություններին է․ ադրբեջանցիների վերադարձի հարցը մի դարձրեք իշխանություն-ընդդիմություն վեճի առարկա։ Այն պետք է դառնա Հայաստան-Ադրբեջան հակասության և Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը»,-ասել է նա։

Նախկին արտգործնախարարը պնդել է, որ ադրբեջանական կողմի հայտարարություններն ու գործողությունները վկայում են Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման պետական ծրագրի գոյության մասին, և այդ վտանգը չպետք է անտեսվի։

«Ասել, թե նման հարց գոյություն չունի և այն պարզապես ընդդիմության շահարկում է, սխալ մոտեցում է։ Նույն կերպ ժամանակին վերաբերվում էին Արցախի խնդրին, և արդյունքում մենք կորցրեցինք Արցախը»,– նշել է Օսկանյանը։

Նրա համոզմամբ՝ եթե Հայաստանը չարձագանքի այս գործընթացներին, երկարաժամկետ հեռանկարում կարող է բախվել ժողովրդագրական լուրջ փոփոխությունների։

«Սա միանգամից չի լինելու, սակայն եթե այսօր չկանգնեցնենք այդ գործընթացները, ապագայում կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ մեր հայրենիքում այլևս մեծամասնություն չենք լինի»,– ասել է նա։

Օսկանյանը նաև քննադատել է իշխանությունների այն մոտեցումը, որով, ըստ նրա, փորձ է արվում նույն հարթության վրա դնել Արցախից տեղահանված հայերի վերադարձի և Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի հարցերը։

Նրա խոսքով՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքն ունի միջազգային իրավական հիմքեր և լայն միջազգային աջակցություն՝ սկսած միջազգային դատական ատյանների որոշումներից մինչև տարբեր երկրների խորհրդարանների և քաղաքական գործիչների հայտարարություններ։

«Արցախցիների վերադարձի հարցը չի կարելի հավասարեցնել կամ նույնիսկ մոտեցնել ադրբեջանցիների վերադարձի թեմային։ Եթե որևէ համեմատություն պետք է արվի, ապա դա պետք է լինի Ադրբեջանից տեղահանված շուրջ 300 հազար հայերի և Հայաստանից հեռացած ադրբեջանցիների միջև»,-նշել է նախկին նախարարը։

Ամփոփելով՝ Օսկանյանը կոչ է արել իշխանություններին չանտեսել թեման և այն դիտարկել որպես պետական ու ազգային անվտանգության առաջնահերթ խնդիր։

«Մի լռեք այս հարցի մասին միայն այն պատճառով, որ այն բարձրացնում է ընդդիմությունը։ Սա Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է, և Հայաստանը պետք է դրան պատասխանի պետական մակարդակով»,– եզրափակել է նա։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026