05 Օգս
2026
36° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այն, ինչ Փաշինյանը չէր ուզում ասել իր բերանով, ասում էր Ալեն Սիմոնյանի բերանով, հիմա որտե՞ղ է Սիմոնյանը․ Սևակ Խաչատրյան

Այն, ինչ Փաշինյանը չէր ուզում ասել իր բերանով, ասում էր Ալեն Սիմոնյանի բերանով, հիմա որտե՞ղ է Սիմոնյանը․ Սևակ Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանն 9-րդ գումարման ԱԺ նստաշրջանում այսօր հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքներն արդեն զգում են Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը վերջին 5 տարում եղել է Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնող հիմնական դեմքերից մեկը։

«Այն, ինչը Նիկոլ Փաշինյանը չի ասել իր բերանով, ասել է Ալեն Սիմոնյանի բերանով։ Դրա հետևանքն այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու գյուղացիներն են կրում։ Ռուսաստանի հետ կապված տնտեսական սահմանափակումների հետևանքները հենց իրենք են զգում»,- ասաց պատգամավորը։

Խաչատրյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ Արաքս համայնք կատարած այցին՝ նշելով, որ ընտրված օրինակը խնդրի իրական պատկերը չի արտացոլում։

«Վերջերս Նիկոլ Փաշինյանը գնացել էր Արաքս համայնքի մի ձկնաբուծարան և ասում էր՝ տեսեք, այս մարդիկ արտահանում են իրականացնում։ Բայց շատ սխալ տեղ էր գնացել, որովհետև այդ տնտեսությունը շուրջ 20 տարի արտահանում է իրականացնում, սև խավիար է արտահանում, և ԵԱՏՄ երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի շուկայից կախված չէ»,- նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ վարչապետը պետք է այցելեր այն տնտեսություններ, որոնց գործունեությունն ուղղակիորեն կախված է ռուսական շուկայից։

«Պետք էր գնալ, օրինակ, Ջրառատ, Գայի, Մեծամորի ձկնաբուծարաններ և խոսել այդ մարդկանց հետ, որոնց տնտեսությունների ապագան ուղղակի կապված է ԵԱՏՄ-ի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի շուկայի հետ, որովհետև ԵԱՏՄ-ի ամենամեծ շուկան Ռուսաստանն է»,- ասաց Խաչատրյանը։

Նա հավելեց, որ նույն խնդիրն առկա է նաև այլ ոլորտներում ևս։

«Կարելի էր գնալ նաև Ջերմուկ, խոսել ջերմոցային տնտեսությունների, ծաղիկ աճեցնողների, լոլիկ արտադրողների հետ։ Այս խնդիրն իրականում կարող է օրհասական դառնալ աշնանը, երբ բերքահավաքը սկսվի, և գյուղացիները կրկին կանգնեն նույն խնդրի առաջ։ Ես չեմ պատկերացնում, թե այդ ժամանակ ինչ է լինելու»,- ասաց Սևակ Խաչատրյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026