
Դուք TRIPP-ի շրջանակում հայ-ամերիկյան ընկերությանը վարձակալության, կառուցապատման իրավունքով քանի՞ քմ հողատարածք եք տրամադրել․ հարց՝ ՔՊ պատգամավորին
Դուք TRIPP նախագծի կյանքի կոչման համար հայ-ամերիկյան համատեղ ընկերությանը վարձակալության, կառուցապատման իրավունքով քանի՞ քմ հողատարածք եք տրամադրել, որքա՞ն տարածքի մասին է խոսքը, կարո՞ղ եք այս հարցին պատասխանել․ ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Չէ, չեմ կարող այդ հարցին կոնկրետ պատասխանել, որովհետև, օրինակ, եթե Դուք ինձ հարցնեք, թե Հայաստանի Հանրապետությունը որքան հողատարածք է տրամադրել ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ին «Զվարթնոց» օդանավակայանը կառուցելու և շահագործելու համար, այդ հարցին էլ չեմ կարող պատասխանել, որովհետև չգիտեմ, ուղղակի դա ինչ-որ թվային տվյալ է, որը չգիտեմ»,- ասաց ՔՊ պատգամավորը։
Ըստ նրա, երբ ենթակառուցվածքները նախագծվեն, այդ նախագծերում կարտացոլվի, թե, օրինակ, ավտոճանապարհը որքան կիլոմետր է անցնելու Հայաստանի տարածքով։ Կամ երկաթուղին։
«Ես իսկապես ապշում եմ, որ Դուք այս հարցը շարունակում եք պնդել, հատկապես այն ենթատեքստով, որ այդ հողատարածքից Հայաստանի Հանրապետությունը հրաժարվելու է։ Ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, դա վարձակալության և կառուցապատման իրավունքներով է տրամադրվելու, և Հայաստանի Հանրապետությունը, որքան որ մեծ կամ փոքր լինի այդ հողատարածքը, լիակատար ապահովելու է իր ինքնիշխանությունը և իրավազորությունն այդ տարածքների նկատմամբ»:


