09 Նոյ
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ ԱԳՆ

Երևանը կրկին փորձեր է անում իր կողմից ընդունվող որոշումների պատասխանատվությունը բարդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների վրա․ ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Նա նշել է, որ չնայած Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցության սառեցմանը և անդամավճարների չվճարմանը, երկիրը մնում է կազմակերպության լիիրավ անդամ։

«Մենք չենք թողնում Երևանին մեր համագործակցությունից դուրս՝ պահպանելով մեր գործընկերների համար հնարավորությունը՝ միանալու կազմակերպության շրջանակում մշակված բոլոր որոշումներին, որոնք, ի վերջո, լիովին կբավարարեն նրանց շահերը։ Ցավոք, մենք չենք տեսնում որևէ փոխադարձ քայլ հայկական կողմից։ Ավելի շուտ՝ հակառակը՝ մենք կրկին տեսնում ենք որոշումների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձեր», - ընդգծել է Պանկինը։

Այս առումով Ռուսաստանի փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ «ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն՝ անդամ պետությունը կարող է զրկվել քվեարկության իրավունքից մինչև կուտակված անդամավճարների լրիվ վճարումը»։

Մեկնաբանելով նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովից սպասումները՝ նա նշել է, որ մասնակիցները նախատեսում են «համակարգել իրենց տեսակետները միջազգային և տարածաշրջանային օրակարգերի հրատապ հարցերի վերաբերյալ և բացահայտել ՀԱՊԿ-ի շրջանակում դաշնակցային համագործակցության հետագա զարգացման հիմնական ոլորտները»։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ