27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երբ Ալիևի մի պահանջը կատարենք, հաջորդ պահին ևս մեկը կմոգոնի. Թևան Պողոսյան

Երբ Ալիևի մի պահանջը կատարենք, հաջորդ պահին ևս մեկը կմոգոնի. Թևան Պողոսյան

Ադրբեջանի նպատակը «խաղաղության» պայմանագիր ստորագրելը չէ, ե՞րբ ենք մենք հասկանալու. ABC media-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը:

«Երբ Ալիևի պահանջները հերթով գրենք ու դրանք կատարենք, հաջորդ պահին նա կմոգոնի ևս մեկ պահանջ միայն այն բանի համար, որ խաղաղության պայմանագիր չստորագրվի։ Ալիևի նպատակը հայկական պետականության ոչնչացնելն է միայն»,- ընդգծել է քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Ակնարկելով Հայաստանի Սահմանադրության փոփոխման անհրաժեշտության մասին՝ Ալիևը նշել է, թե այնտեղ ռևանշիզմի և Ադրբեջանից տարածքային պահանջներ ունեցող կետեր կան։ Խոսքը Անկախության հռչակագրի մասին է, որտեղ հստակ նշվում է՝ Արցախը Հայաստանին միացնելու պահանջի մասին։

«Ալիևի հետ գործող բանակցողին հարց տվեցին՝ մինչև ե՞րբ եք զիջումներ անելու, ասաց՝ չգիտեմ, Ալիևի հետ ինչ-որ բան պայմանավորվում ենք, հաջորդ օրը նոր պայմաններ է դնում։ Այսինքն՝ իրենք էլ դա գիտեն, որ Ալիևը ամեն անգամ նոր պայման ա դնում։ Ես վստահ եմ, որ եթե նույնիսկ Ալիևին ասեն՝ խաղաղության պայմանագրում ուզածդ ասա, տենց գրենք, Ալիևը 5 րոպե հետո նոր պահանջ է առաջ քաշելու»,-ասել է նա։

Քաղաքագետի խոսքով՝ այս գործընթացը այնքան է ձգվելու, մինչև Ալիևը հասնի իր նպատակին՝ Հայաստանի կործանմանը։  

Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգիի հետ հանդիպմանը։ Նրա խոսքով՝  «խաղաղությունը հնարավոր է, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում»։

Առաջին անգամ Սահմանադրության փոփոխման մասին Ալիևը խոսել է 2021 թվականին։