27 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անկախության հռչակագիրը անկյունաքարային նշանակություն ունի Սահմանադրությունում. Մելոյան

Անկախության հռչակագիրը անկյունաքարային նշանակություն ունի Սահմանադրությունում. Մելոյան

Մեր գործող Սահմանադրությունը, իմ գնահատմամբ, բավական որակյալ է, փոխելու կարիք չեմ տեսնում։ ABC media-ի հետ զրույցում ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Գործող իշխանության ներկայացուցիչները, երբ ամպագորգոռ հայտարարություններ են կատարում ու եզրույթաբանական դաշտ մտնում, առաջին հերթին պետք է հայացք նետեն վերջին 5-6 տարիներին իրենց իշխանության գործունեությանը։

Արձանագրում եմ՝ հենց իրենք են Սահմանադրության գրեթե բոլոր հիմնարար սկզբունքները բացահայտորեն ու կոպտորեն խախտել»,- նշել է Մելոյանը։

Փաշինյանը ոչ թե սահմանադրական փոփոխություններ է ուզում անել, այլ նոր Սահմանադրություն ընդունել։ Այստեղ կարևոր է ուշադիր լինել՝ ընդգծում է Մելոյանը։

«Սահմանադրական փոփոխությունների ժամանակ կան կետեր, որոնք փոփոխման ենթակա չէ, օրինակ՝ Անկախության հռչակագիրը։ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Փաշինյանը ուղիղ տեքստով ասաց, որ հենց հռչակագիրն է խնդիրը և այն պետք է փոխել։ Դա անկյունաքարային ու կարևոր մասն է կազմում մեր Սահմանադրության, որը չպետք է փոխվի»,- ասել է սահմանադրագետը։

Հայաստանի Սահմանադրությունը 1995 թվականին ընդունելուց հետո երկու անգամ է փոփոխության ենթարկվել՝ 2005 և 2015 թվականներին։ Այդ փոփոխությունները տեղի են ունեցել իրավունքի զարգացմամբ պայմանավորված, ոչ թե թշնամի երկրի պահանջով՝ եզրափակել է Մելոյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հարցազրույցից մեկ օր առաջ՝ հունվարի 31-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ մինչև Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի, «խաղաղության» պայմանագիր չի ստորագրվելու: