27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արտաքին ուժերը ԼՂ-ում Բաքվին դրդում էին էթնիկ զտման, որ Երևանում ռեսուրս ունենան իշխանություն փոխելու. Փաշինյանի հերթական ասուլիսի առանցքային կետերը

Արտաքին ուժերը ԼՂ-ում Բաքվին դրդում էին էթնիկ զտման, որ Երևանում ռեսուրս ունենան իշխանություն փոխելու. Փաշինյանի հերթական ասուլիսի առանցքային կետերը

  • Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։

 

  • Բանակցային պրոցեսներում երբեմն եղել է տպավորություն, թե մենք կարող ենք տարածքների որոշակի փոխանակումներ անել՝ որոշակի իրողություններ հաշվի առնելով։

 

  • ՀՀ սահմանապահ զորքերն արդեն իսկ բավարար փորձ, հմտություն ու հնարավորություններ են ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողություն իրականացնեն առանց ռուսական կողմի աջակցության։

 

  • Նոր Սահմանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ, նոր Սահմանադրության վերաբերյալ չկա տեքստ, նոր Սահմանադրության վերաբերյալ կա քաղաքական խոսույթ և քաղաքական օրակարգ՝ իմ կողմից առաջարկվող։

 

  • Հանրաքվե կլինի այն ժամանակ, երբ ես և մեր քաղաքական թիմը կզգանք, որ ՀՀ ժողովուրդը բավարար չափով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում:

 

  •   Մենք հիմա միլիմետրի ճշտությամբ գիտենք, թե որտեղով է անցնում ՀՀ սահմանը:

 

  •  Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հաջողությունների մասին խոսելն այդքան էլ տեղին չեմ համարի։

 

  •   Այո,՛ մենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը փաստացի սառեցրել ենք։

 

  •   Եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի հարցին, թե իրենց պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը որն է, և այդ պատասխանը կհամապատասխանի մեր պատկերացումներին, դա կնշանակի, որ ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են, ոչ՝ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից:

 

  • Մեծ հաշվով՝ խաղաղության օրակարգը լինի, թե չլինի, դա նշանակում է ՀՀ-ն լինի, թե չլինի։

 

  • Գոնե այսօր բանակցությունների սենյակում տեղի ունեցածի մասին շատ փակագծեր չբացեմ, որովհետև այնպես չէ, որ բանակցային սենյակում մթնոլորտը շատ պոզիտիվ է:

 

  • Մարուքյանի հրաժարականի պատճառն այն էր, որ ես դժգոհ եմ նրա աշխատանքից:

 

  • ԵՄ-ի հետ ունենք շատ լայն օրակարգ և պատրաստ ենք այդ օրակարգը ընդլայնել ու խորացնել:

 

  • 40+10 հազար դրամի ծրագիը մենք կերկարացնենք մինչև տարվա վերջ:

 

  • Կարծում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայները բնակարանային ծրագրից օգտվելու համար պիտի ՀՀ քաղաքացիություն ստանան, որովհետև մարդիկ (ՀՀ քաղաքացիները) կարող են ասել՝ մեզ բնակարան չեք տալիս, մեր երեխաները ծառայում են բանակում, ինչո՞ւ մեր մյուս հայրենակիցների (արցախցիների) զավակները չպետք է ծառայեն բանակում:

 

  • Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը չէր կարող իմանալ, թե իշխող կուսակցության դրամարկղ գումար մտնում է, թե չի մտնում:

 

  • Իսկ մյուս կուսակցությունների դրամահավաքից ի՞նչ կա, ե՞րբ են արել, ո՞նց են արել, արե՞լ են, թե՞ չեն արել, նվիրատուների ցանկը գիտե՞նք՝ չգիտենք։ Իրենց ինչի՞ն է պետք դրամահավաք, իրենք դրամահավաք անող տղա չեն։

 

  • Վերջին անգամ գերիների հետ կաված հարց քննարկել եմ այսօր առավոտյան․ Ո՞ւմ հետ՝ չեմ կարող ասել։ Ի՞նչ եմ քննարկել՝ էլի չեմ կարող ասել։ Կարող եմ ասել՝ քննարկել եմ գերիների վերադարձի հարցը:

 

  •   Անընդունելի և անհեթեթ խոսակցություն է, որ Տավուշի մարզից որևէ բնակավայր կարող է հանձնվել Ադրբեջանին։

 

  • Ես արտահերթ ընտրության անհրաժեշտություն չեմ տեսնում:

 

  • Հայ սահմանապահները օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում:

 

  • Արշակ Կարապետյանին ԳՇ պետի տեղակալ և նախարար նշանակելու հարցում անտեսված չեն եղել նրա հատուկ հարաբերությունները ՌԴ շրջանակների հետ:

 

  • Ես որոշում եմ կայացրել Արշակ Կարապետյանին հանել աշխատանքից, որովհետև 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանն ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք, նույնիսկ դիրքեր  են վերցրած եղել։

 

  • Էլ չգիտենք՝ ինչ անենք, որ մեր հարգելի ՀԱՊԿ-ը ցույց տա մեզ՝ որտեղով է անցնում իր խոստացած կարմիր գիծը։

 

  •   Թուրքիայի հետ հարաբերություններում կարևոր բան է տեղի ունենում: Մենք խոսում ենք իրար հետ, Թուրքիայի նախագահի հետ մենք ունենք երկխոսություն:

 

  • Թուրքիայի հետ խոսակցության մեջ երբեմն հասկանում ենք, որ մենք իրենց ասածը ճշգրիտ չենք հասկանում, իրենք մեր ասածը ճշգրիտ չեն հասկանում, և այս չհասկացվածությունների արանքում առաջանում է նեգատիվ մեծ էներգիա:

 

  • Մենք Թուրքիայի հետ պետք է օրակարգ ունենանք և ունենք․ ափսոս, որ այդ օրակարգը պատշաճ արագությամբ չի իրացվում։

 

  • Պետք չէ ժխտել, որ Թուրքիան միջազգային մեծ դերակատար է, և մենք պետք է առերեսվենք այս փաստի հետ:

 

  • ԱԳ նախարարը ԵՄ անդամակցության մասին խոսելով նկատի է ունեցել մեր հանրությունում առկա տրամադրությունները, քննարկումները և հնարավոր սցենարները:

 

  • Ես տեսնում էի, որ արտաքին ուժեր կան, որոնք դրդում են (Արցախում) էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին ու աջակցում էին, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան, որովհետև նրանք հայտարարել էին ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկը, և տեսնում էին, որ Հայաստանում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար։ Նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել ՀՀ, որպեսզի այստեղ իշխանափոխություն տեղի ունենա:

 

  •  Այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, ու նրանց հարցնում էին՝ այս ի՞նչ եք անում, ասում էին՝ պրոռուսական երկիր է (ՀՀ-ն): Մենք ՌԴ-ին ասում էինք՝  հերիք չի դուք ՀՀ անվտանգության երաշխավորի ձեր դերը չեք կատարում, հիմա էլ Արևմուտքի ընկալմամբ ոչ թե մեր, այլ ձեր վրա են հարձակվել, ՌԴ ֆորտպոստի վրա են հարձակվել:

 

  • 2022թ․-ի հոկտեմբերի 6-ին ես հասկացել եմ, որ Ղարաբաղի հարցը վաղուց լուծած է: Իրականում ՀՀ-ի հարցն են ուզում լուծեն, այս պետությունն են ուզում լուծարեն, այս պետությունն են ուզում ծնկի բերել՝ բարեկամական կենացների ներքո: