Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հանդես է եկել ուղերձով։
«Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը»,- նշել է Բայդենը։
Ուղերձում նշվել է, որ ԱՄՆ-ն պատվում է հայ ժողովրդի տոկունությունը։ «Մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկն ապրելուց հետո ՝ վերապրածները սկսեցին կառուցել ավելի լավ ապագա մեր աշխարհի համար։ Քաջությամբ և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը։ Նրանք ամրապնդեցին երկրների կառուցվածքն ամբողջ աշխարհում, այդ թվում նաև մեր երկրում: Եվ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ վստահ լինելու, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվի: Սա մնում է մեր հանդիսավոր ուխտը։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ ընդդեմ անհանդուրժողականության», – հաղորդում է Սպիտակ տունը: