ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ Արցախի դեմ ագրեսիայի համար
Անցյալ շաբաթ ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսի գլխավորությամբ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել օրինագիծ (HR8141), որը հնարավորություն կտա պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ մարդու իրավունքների ոտնահարման և ռազմական գործողությունների համար:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ օրենքի վերջնական տարբերակը պարունակում է 44 ադրբեջանցի պաշտոնյաների անուն։ Երեք նոր պաշտոնյաների՝ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևի, Ադրբեջանի գլխավոր դատախազությանն առընթեր քննչական վարչության պետ Նեյմաթ Ավազովի և Բաքվի Նասիմին շրջանի դատարանի դատավոր Թագիև Ազերի անունները հայտնվել են Կոնգրեսին ներկայացված տարբերակում:
Օրինագծի ընդունման դեպքում՝ Կոնգրեսը Բայդենի վարչակազմից կպահանջի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ՝ Մագնիտսկու ակտի համաձայն՝ Ադրբեջանում քաղաքական ընդդիմության դաժան ճնշումների և 2023 թվականին Արցախի դեմ ագրեսիայի համար: