
Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունների ակտիվ փուլը
Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները։ Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Սուլթան Կամալետդինովը բացման ելույթում նշել է․
«Իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ անհանգիստ, և մենք պետք է պատրաստ լինենք տարբեր մարտահրավերների և սպառնալիքների, որոնք արդիական են ոչ միայն մեր երկրների, այլև ողջ համաշխարհային հանրության համար։ Մենք կանգնած ենք կազմակերպության ռազմական բաղադրիչի կատարելագործման և ՀԱՊԿ անդամ երկրների համապարփակ զարգացման և նրանց անվտանգության ապահովման համար կարողություններ ստեղծելու կարևոր խնդիրների առաջ»։
Զորավարժություններին մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խաղաղապահ ուժերի ազգային զորամիավորումները, Միացյալ շտաբի օպերատիվ խմբերը և ՀԱՊԿ քարտուղարությունը։ Ընդհանուր առմամբ՝ զորավարժություններին ներգրավված են ավելի քան 2000 զինվորականներ, 500 միավոր զրահատեխնիկա և ավտոմոբիլային տեխնիկա, Մի-17, Մի-35 ուղղաթիռներ, Իլ-76 և Սի-295 ինքնաթիռներ, անօդաչու ավիացիա։