
«Նա ինձ նայում էր բոցավառ աչքերով»․ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պնդել է, որ 3 անգամ «սատանային է տեսել»
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անձնական օրագրից արված նոր քաղվածքների համաձայն՝ նա պնդել է, որ իր կյանքի ընթացքում երեք անգամ տեսել է սատանային, ինչպես նաև «դժոխքի դարպասները»․ գրում է BBC-ն։
Երեքշաբթի լույս տեսած «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անձնական օրագիրը» գրքում՝ 2021 թվականի գրառման մեջ նշվում է, որ հանգուցյալ քահանայապետը 3 անգամ տեսել է սատանային. մի անգամ՝ մեքենայից, երկրորդ անգամ՝ պատարագի ժամանակ, իսկ երրորդ անգամ՝ Վատիկանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։
«Ես չեմ կարող մոռանալ նրա հզոր, խռպոտ ձայնը»,- գրել է Ֆրանցիսկոս պապը՝ հիշելով տեսիլքներից մեկը։
Օրագրում, որը քահանայապետը վարել է 1992-2024 թվականներին, նա նաև ափսոսանք է հայտնել 2018 թվականին Չիլի կատարած իր այցի կապակցությամբ, երբ իրեն քննադատել են քահանայի կողմից կատարված սեռական բռնությունը թաքցնելու համար մեղադրվող եպիսկոպոսին պաշտպանելու համար։
Ֆրանցիսկոս պապը, որը գլխավորել է Կաթոլիկ եկեղեցին 12 տարի՝ մինչև 2025 թվականին իր մահը, ավելի ուշ ներողություն է խնդրել և երկրի եպիսկոպոսներին կանչել Հռոմ, որտեղ նրանք բոլորը հրաժարականի դիմում են ներկայացրել։
«Ես ապշած էի Չիլիում տիրող իրավիճակից,- գրել է Ֆրանցիսկոս պապը 2021 թվականի գրառման մեջ։-Ինձ համար դժվար էր ընդունել Չիլիում տեղի ունեցածը. ես չէի կարծում, որ դա այդքան լուրջ է»։
Իր հանդիպումների մասին, որոնք նա մեկնաբանել է որպես հանդիպումներ սատանայի հետ, քահանայապետն ասել է, որ չի կարող մոռանալ սատանայի «սպառնալից» աչքերը։
«Նա ինձ նայում էր բոցավառ աչքերով… նույնիսկ ավելի խորը, քան նախորդ անգամ։ Դրանք նման էին կրակի բռնկումների»,- գրել է նա իր երկրորդ տեսիլքի մասին, որը, նրա խոսքով, տեղի է ունեցել կարմելիտների մատուռում, երբ ինքը դեռ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր։


