Իրանը ցույց տվեց՝ կարող է հասնել ու թիրախավորել Իսրայելի տարածքը․ Գոհար Իսկանդարյան
Իրանը ուշացրե՞ց խոստացված վրեժն Իսրայելից, թե՞ ոչ, որոշում է Իրանի Կառավարությունը։ Այդպիսով Իրանը ցույց տվեց՝ կարող է հասնել Իսրայելի տարածք և քաղաքներ թիրախավորել։ ABCmedia-ի հետ զրույցում ասել է ԳԱԱ Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը։
«Իրանը, տեսնելով, որ Իրանին կառուցողական դաշտ բերելու ոչ մի այլ գործիքակազմ չի մնում, դիմել է ռազմական գործողությանը։ Բացի այդ՝ Իրանը վրեժ ուներ լուծելու և լուծեց։ Սա բավական լուրջ քայլ էր Իրանի կողմից։ Նա այդպիսով ցույց տվեց, որ կարող է հասնել հենց Իսրայել։ Նախորդ անգամ հարվածների մեծ մասը օդում էր ոչնչացվել ԱՄՆ-ի և Եվրոպական մի շարք երկրների միջոցով։ Այս անգամ սահմանները հատելու և Իսրայելին հասնելու ապացույցները կան»,- ասել է Իսկանդարյանը։
Վրեժխնդրությունից բացի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հարվածը սիմվոլիզմ էր պարունակում։ Երեկ երեկոյից Իսրայելում Նոր տարի է սկսվում, ինչը հրթիռներով «շնորհավորեց» Իրանը։
«Իրանը հենց այդ օրն ընտրեց հրթիռակոծելու, ինչը Իսրայելի համար ավելի լարեց վիճակը։ Իրանը այդպիսով ցույց տվեց նաև, որ այն երկիրն է, որ եթե հայտարարում է ինչ-որ գործողության մասին, անում է, բայց Իրանը պարտավոր չէ բավարարել քաղաքագետների ցանկություններն ու ըստ այդմ կազմակերպել իր գործողությունները»,- ասել է ԳԱԱ Իրանի բաժնի վարիչը։
Իրանի հարվածներից հետո տուժածների մասին խոսք դեռ չկա։ Իրանը հատուկ ռազմավարությա՞մբ է առաջ շարժվում՝ զոհերից խուսափելով, թե՞ թիրախներն էին սխալ ընտրված հարցին իրանագետն է պատասխանում. «Պետք է արձանագրենք, որ Իսրայելը ունի հակաօդային բավական լուրջ համակարգ, որով կարողացել են հարվածների զգալի մասը որսալ հենց օդում, բայց մյուս մասը հասել են Իսրայելին։ Ինչ վերաբերում է զոհերին, անգամ Սպիտակ տնից են հայտարարում, որ զոհերի թվի մասին տեղեկություն չունեն։ Այսինքն՝ պաշտոնական տեղեկություն չկա»։
Իսրայելից վրեժխնդիր եղավ Իրանը, սակայն հիմա էլ վրեժ լուծելու հայտարարությամբ է հանդես եկել Բենիամին Նեթանյահուն։ Ինչպիսի շարունակություն կստանա այս հակամարտությունը դեռ պարզ չէ, բայց Իսկանդարյանը վստահ է, եթե Իսրայելը չհանդարտվի և Իրանը ևս չի հանդարտվելու։