
Բոլորը ճառ ասող են, զանգ կախող չկա․ Գառնիկ Դանիելյան
Ես այս տարիների ընթացքում տեսել եմ, որ ով պայքարել է՝ ամենավերջին զրկանքներին է ենթարկվել և՛ իշխանությունների, և՛ ընդդիմադիրների կողմից, որոնք զբաղված են ոչ մի բանով․ «Սրբազան պայքար»-ի հանրահավաքից առաջ ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորն անդրադարձել է բոլոր այն ուժերին, որոնք այս շրջանում եղել են պայքարում, սակայն կեսից լքել են պայքարի շարքերը։
«Երբ պետք է ճանապարհ փակել՝ չկան, երբ պետք է ակտիվ գործողություններ անել՝ չկան, երբ պետք է Կառավարություն շրջափակել՝ չկան։ Մենք սկսել ենք այս պայքարը մեր հայրենիքի համար, ում դուր է գալիս, կամ ոչ, ինձ հետաքրքիր չէ։ Ինձ հայրենիքն է հետաքրքիր, մենք ամեն բան անելու ենք այս հայրենիքի համար, թող չանողը մտածի»,-ասել է Դանիելյանը։
Հարցին, թե ինչպես է մեկնաբանում Շիրակի թեմի առաջնորդի հայտարարությունները՝ կապված այս պայքարի շարքերի նոսրացման հետ, պատգամավորը նշել է․ «Ես Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ եմ, ՀՀ ԱԺ պատգամավոր եմ, ինչ-որ մեկի՞ն խանգարել է, որ ես ակցիաներին մասնակցում եմ։ Առաջին օրվանից ես Սրբազան հոր հետ այդտեղ եմ, խանգարե՞լ եմ։ Մարդկանց ոչ թե իքս մարդկանց ներկայությունն է խանգարում, այլ սեփական ամբիացիաները, էսօր բոլորն իրենց գլխում վարչապետ են, բոլորը ճառ ասող են․ զանգ կախող չկա»։