29 Սեպ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևանում քննարկել է TRIPP-ը և դրա տարածաշրջանային նշանակությունը

Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևանում քննարկել է TRIPP-ը և դրա տարածաշրջանային նշանակությունը

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան և այցելել Նախիջևան։

Պատվիրակությանն ընդունել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ջեյհուն Ջալիլովը:

Նրանք գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ: Նշվել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովումը կարող է զգալիորեն նպաստել տրանսպորտային և հաղորդակցության նոր հնարավորությունների ստեղծմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը և փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Ջեյհուն Ջալիլովը նշել է, որ Նախիջևանը կարևոր ռազմավարական շրջան է, որը գտնվում է Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների հատման կետում: Նա խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և դրա շրջանակում նախատեսված TRIPP նախագծի կարևորության մասին՝ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ընդլայնման առումով:

Նշվել է, որ նախագծի իրականացումը հնարավորություն կտա ցամաքային կապ հաստատել Նախիջևանի և Ադրբեջանի այլ մասերի միջև: Տարածքով անցնող երկաթուղին, ինչպես սպասվում է, կդառնա Նախիջևանը Թուրքիայի հետ կապող կարևոր տրանսպորտային օղակ։

Նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նոր հնարավորություններ կստեղծի այս տրանսպորտային ուղիների շահագործման համար և կբարձրացնի դրանց տարածաշրջանային նշանակությունը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ