Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է Ասադի հետ երկխոսելու Էրդողանի պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս խոսել է հարաբերությունների կարգավորման թեմայով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ շփումներ ունենալու պատրաստակամության մասին, սակայն նա պատասխան չի տվել։ Այս մասին Անկարայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը, գրում է ТАСС գործակալությունը։
Չելիքի խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է նորմալացման գործընթացի և համապատասխան շփումների անհրաժեշտության մասին, սակայն, նրա գնահատմամբ, սիրիական կողմը դանդաղ է գործել և անկարողություն ցուցաբերել համապարփակ դիվանագիտական գործողություններ նախաձեռնելու հարցում:
Ըստ նրա՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ կողմերը պետք է լուծեն տարածաշրջանի հարցերն ինքնուրույն՝ առանց որոշ օտար պետությունների և տարրերի հնարավորություն տալու միջամտել գործընթացին։
Թուրք պաշտոնյան հավելել է, որ Էրդողանի կոչն արդիական է և գլխավորն այն է, որ վերջ դրվի լարվածությանը, որպեսզի Սիրիան ստեղծի ներառական կառավարման մոդել, որը շատ է քննարկվել Աստանայում և Ժնևի գործընթացներում: