22 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով

Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով

Հայկական արմատներով, Փարիզում հիմնված MARÓM նորաձևության տունը և ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան սկսել են համագործակցություն, որի շրջանակում բրենդը մշակել և արտադրել է մարզիկների համար նախատեսված հագուստի հատուկ հավաքածու։

Հավաքածուն ստեղծվել է՝ ձևավորումը և ոճը քննարկելով հավաքականի առաջատար ըմբիշների հետ՝ հաշվի առնելով նրանց կարծիքներն ու առաջարկությունները։ Նախաձեռնության նպատակն է աջակցել հայ մարզիկներին՝ ապահովելով նրանց միասնական և ներկայանալի արտաքին տեսքը պաշտոնական միջոցառումների և միջազգային մրցաշարերի ընթացքում։

MARÓM-ի ստեղծած հագուստը համադրում է հարմարավետությունն ու ժամանակակից ոճը՝ միաժամանակ արտացոլելով հայկական ինքնությունը։ Այն նախատեսված է մարզիկների ուղևորությունների, պաշտոնական միջոցառումների և ներկայացուցչական ելույթների համար։

Այս համագործակցությունը MARÓM-ի առաջին նախաձեռնությունն է սպորտի ոլորտում։ Ըմբշամարտը հայկական սպորտի ամենահաջողակ և հարուստ ավանդույթներ ունեցող մարզաձևերից է։ Հայ ըմբիշները տարիներ շարունակ բարձր արդյունքներ են գրանցել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։

«Մենք շնորհակալ ենք այս նախաձեռնության և մեր մարզիկներին ցուցաբերած աջակցության համար։ Ֆեդերացիայի համար կարևոր են նման համագործակցությունները, որոնք ոչ միայն գործնական աջակցություն են ապահովում, այլև վկայում են մեր գործունեության և մարզիկների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության ուհոգատարության մասին»,-նշել է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը։

«Մեզ համար այս համագործակցությունը բնական և կարևոր քայլ է։ Ըմբշամարտն իր մեջ կրում է հարուստ պատմություն, կարգապահություն և սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթներ, որոնք հոգեհարազատ են նաև MARÓM-ին։ Հայ մարզիկների համար հագուստ ստեղծելով, մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ նրանց միջազգային ներկայության և հայկական ինքնության արժանապատիվ ներկայացման գործում»,-նշել է MARÓM-ի հիմնադիր Մարետա Գևորկյանը:

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները MARÓM-ի ստեղծած հագուստով կներկայանան աշխարհի առաջնությանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ