ABCMEDIA
Հայաստանի Հանրապետությունը փաստացի հետ է կանգնել Արցախի անվտանգության երաշխավորի իր բազմամյա առաքելությունից․ Սամվել Շահրամանյան

Հայաստանի Հանրապետությունը փաստացի հետ է կանգնել Արցախի անվտանգության երաշխավորի իր բազմամյա առաքելությունից․ Սամվել Շահրամանյան

Հայաստանի Հանրապետությունը հետպատերազմյան իրողությունների հաշվառմամբ վերանայելով
իր անվտանգային հայեցակարգը, փաստացի հետ է կանգնել Արցախի անվտանգության երաշխավորի
իր բազմամյա առաքելությունից և որդեգրել է խաղաղության օրակարգ անունով մի մոտեցում,
որի առանցքն է կազմում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելը, ներառյալ Արցախը,
պայմանով, որ ապահովված լինեն արցախահայության հիմնական իրավունքներն ու ազատությունները,
հայտարարել է Արցախի
նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը։

Ադրբեջանը, ինչպես հավելել է Սամվել Շահրամանյանը,  օգտվելով ինչպես նշված փաստից, այնպես էլ նաև միջազգային
դերակատարների առարկայական քայլեր չկատարելու հանգամանքից,   խախտում է 2020 թվականի նոյեմբերի  9-ի եռակողմ հայտարարության դրույթները և մեծացնում
ճնշումն Արցախի վրա՝ իր իսկ կողմից հռչակված «ինտեգրման» օրակարգը կյանքի կոչելու նպատակով:

«Միաժամանակ, Ադրբեջանը շարունակում
է բոլոր միջազգային հարթակներում թմբկահարել, որ արցախյան հակամարտությունն արդեն իսկ
լուծված է, Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի, իսկ տեղաբնակ հայերի
իրավունքների և ազատությունների ապահովման խնդիրը իր երկրի ներքին հարցն է:

Դրան հակառակ, աշխարհաքաղաքական կենտրոններն
առայժմ բավարարվում են միայն մտահոգությունների, հորդորների և կոչերի օրեցօր մեծացող
ծավալով։ Անկատար են մնում նաև միջազգային և մարդու իրավունքների եվրոպական դատարանների
որոշումների իրագործումը։ Ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար այս պահին շահագրգռված
չէ Ադրբեջանի նկատմամբ կիրառել ազդեցության կոշտ միջոցներ»,- ասել է Սամվել Շահրամանյանը՝
հատկանշական համարելով, որ այդ պայմաններում  
նույնիսկ «իրատեսական» են համարվում ինտեգրման օրակարգի շուրջ բանակցություներին
Ստեփանակերտի ներգրավման հնարավորությունները:

 «Այսինքն, կարող ենք արձանագրել, որ
միջազգային իրավունքի շրջանակներում արցախահայության իրավունքներն ու օրինական շահերը
չեն պաշտպանվում: Ըստ այդմ, ոչ իրատեսական և իրականությունից կտրված եմ համարում միջազգային
իրավունքի վերաբերյալ մեր պատկերացումներն ու ակնկալիքները, քանի որ ակնհայտ է, որ
միջազգային քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը, նույնիսկ պատերազմները չեն
ծավալվում միջազգային իրավունքի շրջանակներում:

Նշվածներն Արցախի համար այլ տարբերակ
չեն թողնում քան ինքնուրույն փորձել գտնել միջանկյալ, իրավիճակից բխող լուծումներ»,-
ընդգծել է Արցախի նախագահը։