12 Հլս
2024
36.1° c ԵՐԵՎԱՆ
26.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի և մյուս միջազգային դերակատարների կողմից արված բազմաթիվ դատապարտող հայտարարությունները կվերածվեն գործնական քայլերի․ Արցախի ԱԳՆ

Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի և մյուս միջազգային դերակատարների կողմից արված բազմաթիվ դատապարտող հայտարարությունները կվերածվեն գործնական քայլերի․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը ԱՄՆ Կոնգրեսի
հանձնաժողովում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած լսումների կապակցությամբ․

«Ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի
Մարդու իրավունքների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող
ապօրինի արգելափակման վերաբերյալ արտակարգ լսումների անցկացումը: Բարձր ենք գնահատում
Թոմ Լանթոսի, Մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահներ՝ կոնգրեսականներ Սմիթի
և ՄակԳովերնի ակտիվ ջանքերը՝ Արցախում ստեղծված մարդասիրական աղետը միջազգային հանրության
ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ։

Կարևորում ենք, որ լսումների ընթացքում
բանախոսների կողմից Ադրբեջանի գործողություններին տրվել է հստակ իրավական և քաղաքական
գնահատական՝ դրանք բնորոշելով որպես Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանություն:
Այս համատեքստում բանախոսները կոչ են արել ԱՄՆ իշխանություններին անհապաղ գործուն քայլեր
ձեռնարկել՝ Արցախում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ:

Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի և մյուս միջազգային
դերակատարների կողմից արված բազմաթիվ դատապարտող հայտարարությունները կվերածվեն գործնական
քայլերի՝ պարտադրելով Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն դադարեցնել Լաչինի միջանցքի
ապօրինի արգելափակումն ու վերականգնել միջանցքի գործունեության ռեժիմը՝ համապատասխան
2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի
պարտադիր որոշումների:

Ցեղասպանության կանխարգելումը միջազգային հանրության բոլոր
անդամների ինչպես անհատական, այնպես և հավաքական պարտավորությունն է, ինչը ենթադրում
է հստակ եւ գործուն քայլերի ձեռնարկում։ Համոզված ենք, որ Արցախում ցեղասպանության
կանխումն անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի անպատժելիությունը վերացնելու, այլև մարդկության
դեմ նման հանցագործությունների կրկնությունն աշխարհի այլ անկյուններում բացառելու համար»: