Ասել, որ մենք կանգնած ենք գոյաբանական լուրջ խնդիրների առաջ՝ նշանակում
է միայն փաստել իրողությունը: Արտաքին տեսանելի սպառնալիքների հետ մեկտեղ մենք այս
օրերին բախվում ենք ներքին, շատ հաճախ արհեստական կամ հորինված փորձությունների: Այս
մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Ժողովրդավարական կուսակցության խորհրդարանական
խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։
««Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» խորհրդարանական խմբակցությունն, օգտվելով
իր սահմանադրական իրավունքից , հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրել է Սամվել
Սերգեյի Շահրամանյանի թեկնածությունը:
Միանգամից նշեմ, որ մենք շարունակում ենք կողմնակից մնալ համապետական
ընտրությունների միջոցով իշխանություններ ձևավորելու սկզբունքին:
Ազգային ժողովի կողմից երկրի նախագահի ընտրությունը կարող է հաջողվել
միայն մեկ դեպքում, երբ խորհրդարանում ներկայացված
քաղաքական ուժերի մեծ մասը համաձայնվում են մեկ թեկնածուի շուրջ: Հակառակ դեպքում մենք
կարող ենք հայտնվել տևական շրջապտույտի մեջ, որի ոչ ժամանակը, ոչ էլ շռայլությունը
չունենք:
Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում մեր հանրային-քաղաքական
դիսկուրս է մտցվում պառակտիչ ու վնասակար օրակարգ, որի նպատակն է շեղել մեզ գլխավոր խնդիրներից և խորացնել հանրային տրամադրություններում
առկա հակառակությունները:
Խնդրում և կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ չտրվել նմանօրինակ
սադրանքների և մանիպուլյացիաների: Առաջադրված թեկնածուի մասին շրջանառվող կեղծ ու մտացածին
տեղեկությունները նպատակ ունեն պառակտել հասարակությունը: Այս բարդ ու պատասխանատու
շրջանում բոլորս պարտավոր ենք ցուցաբերել ողջամտություն և գործել իրավիճակին համարժեք:
Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀՀ ազգակործան իշխանությունների
կողմից ներմուծված «նախկիների ու ներկաների» , «սևերի ու սպիտակների» կեղծ օրակարգը
արմատներ գցի Արցախում, իսկ դրանց սերմերը պետք է հեռացվեն Արցախից:
Հարգելի հայրենակիցներ,
Այս իրավիճակը մենք պետք է հաղթահարենք միասին. ամրացնենք մեր պետական
կառույցը՝ հայկական Արցախի համար համազգային պայքարը շարունակելու մտադրությամբ և ոչ
մեկին չթողնենք թուլացնել մեր դիմադրողականությունն ու զգոնությունը»,- գրել է Ստեփանյանը։