ABCMEDIA
Վրացական ընդդիմությունը չի աջակցի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտին

Վրացական ընդդիմությունը չի աջակցի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտին

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներ
հայտարարել են, որ չեն պատրաստվում աջակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության
նախաձեռնությանը` իմպիչմենտի ենթարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կառավարության
հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցերի համար:

Նախագահը պաշտոնանկ արված է համարվում իմպիչմենտի միջոցով, եթե այս որոշումը պաշտպանում
է խորհրդարանի ողջ կազմի առնվազն երկու երրորդը։ Խորհրդարանական մեծամասնությունն ունի
84 ձայն 150-ից, իմպիչմենտի համար անհրաժեշտ է 100 խորհրդարանականի աջակցություն։

Ընդդիմադիր «Լելո» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին խորհրդարանի լիագումար
նիստում ասել է, որ խորհրդարանականների մեծամասնությունը ցանկանում է նախագահին իմպիչմենտի
ենթարկել՝ ԵՄ-ում Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալուն ուղղված ջանքերի համար, ինչն,
ըստ նրա, իրականում չի բխում վրացական ղեկավարության շահերից։

Ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիի խոսքով՝ ինքը և իր գործընկերները որևէ կերպ
չեն աջակցի իմփիչմենթի նախաձեռնությանը։

Վրաստանի կառավարությունը մերժել էր
Զուրաբիշվիլիի արտասահմանյան այցերը 10 երկրներ, այդ թվում՝ Գերմանիա, Ուկրաինա, Իսրայել
և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Նախագահի վարչակազմը հայտնել է, որ
Զուրաբիշվիլին օգոստոսի 31-ից սկսում է հանդիպումները եվրոպացի առաջնորդների հետ՝ աջակցություն
ստանալու համար Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի համար, որը երկիրը ակնկալում
է ստանալ դեկտեմբերին: Զուրաբիշվիլին իր եվրոպական շրջագայությունը սկսել է Գերմանիայից։