Ի՞նչ է նախորդել հրաժարականին և ի՞նչ սպասել հետո. Արայիկ Հարությունյանը պարզաբանումներ է ներկայացրել
Արցախի պաշտոնաթող նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր
էջում որոշ պարզաբանումներ է ներկայացրել իր հրաժարականի և հետագա քայլերի կապակցությամբ։
Հարցին ինչո՞ւ ավելի վաղ հրաժարական չի տվել, նշել է, որ գործող սահմանադրական
կարգավորումները ենթադրում էին, որ հրաժարականի դեպքում պետք է միաժամանակյա նախագահական
ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպվեին, իսկ դրա իրագործման հնարավորությունը
խիստ մշուշոտ էր, հատկապես՝ շրջափակման պայմաններում:
«Ուստի, ես նախաձեռնեցի և Ազգային
ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխություն, որպեսզի հնարավոր լինի ռազմական դրության
ժամանակ խորհրդարանի կողմից ընտրել անցումային Նախագահ՝ մինչև գործող Հանրապետության
նախագահի լիազորությունների ավարտը: Սահմանադրության 168.1 հոդվածն ուժի մեջ է մտել
հուլիսին, որից հետո քանիցս մտածել եմ հարմար պահի մասին, սակայն կարևոր արտաքին քաղաքական
զարգացումների վրա բացասաբար չազդելու համար որոշ ժամանակ սպասել եմ և որոշումս կայացրել
օգոստոսի վերջին»: Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ մինչև նոր նախագահի ընտրությունը
Ազգային ժողովի նախագահը ժամանակավորապես իրականացնում է Հանրապետության նախագահի լիազորությունները,
որը պարզապես մի քանի օրվա հարց է:
«Ո՞վ է լինելու Հանրապետության հաջորդ նախագահը.
այդ հարցի լուծումը Սահմանադրությամբ վերապահված է բացառապես Ազգային ժողովին՝ խմբակցությունների
առաջարկությունների հիման վրա: Ուստի, պատգամավորներին կոչ եմ անում Հանրապետության
նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային
ազդեցությունների: Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ես դադարեցրել եմ
իմ կուսակցական գործունեությունը և որևէ առնչություն չունեմ «Ազատ հայրենիք» կուսակցության
հետ: Ուստի, որևէ կերպ չեմ կարող և չեմ ցանկանում ներգրավվել Ազգային ժողովի «Ազատ
հայրենիք-ՔՄԴ» խմբակցության դիրքորոշման ձևավորման գործում, և իրենք ամբողջովին ինքնուրույն
կերպով կորոշեն իրենց մոտեցումները: Ո՛չ ես, ո՛չ էլ մեկ այլ կողմնակի անձ իրավունք
չունենք միջամտելու այդ գործընթացին»,- գրել է Հարությունյանը։ Նրա խոսքով սա մեր պետական
ու քաղաքական համակարգերի կարևորագույն քննությունն է, որը պետք է անցնենք պատվով ու
անցնցում:
«Ի՞նչ եմ անելու այսուհետ. նախևառաջ, կանգնելու եմ Հանրապետության
նորընտիր նախագահի կողքին՝ անկախ անձից, և իմ բոլոր հնարավորություններով աջակցելու
եմ նրան առկա ներքին ու արտաքին մարտահրավերներն արժանապատիվ ու արդյունավետ կերպով
հաղթահարելու հարցում: Բացի դրանից, ինչպես հայտարարել եմ, հիմնական ջանքերս ուղղելու
եմ Արցախի անվտանգության ապահովման աշխատանքներին աջակցելուն՝ առանց հրապարակայնորեն
փակագծեր բացելու: Իսկ ներքին քաղաքական գործունեությամբ ընդհանրապես չեմ զբաղվելու»,-
ասել է’ նախկին նախագահը: