ABCMEDIA
«Անցակետի» միջադեպերը թույլ են տալիս մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ

«Անցակետի» միջադեպերը թույլ են տալիս մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապը։ Նշյալ անձինք Հայաստանի Հանրապետություն էին տեղափոխվում՝  շարունակելու իրենց ուսումնառությունը։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախախարարությունը։

«Ադրբեջանի այս քայլը, որին հուլիսի 29-ին նախորդել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է և բացահայտ արհամարհանք միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների աներկբա և հասցեական կոչերին։

Տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին, որը նախորդ դարի 90-ականներին և 2020թ. ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիաներին և պաշտպանել սեփական հայրենիքում խաղաղ կենսագործունեություն ծավալելու իր իրավունքը»,-ասված է ՀՀ ԱԳՆ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված քայլերին աջակցելու փոխարեն ադրբեջանական կողմն ակնհայտորեն իր ողջ ջանքերը ներդրել է դրանք տապալելու ուղղությամբ:

«Տեղի ունեցող զանգվածային ոճրագործության կանխարգելումը՝ հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ, իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր դերակատարների և, ընդհանուր առմամբ, քաղաքակիրթ աշխարհի կողմից ստանձնած անմիջական պարտավորությունն է»,- ասված է հայտարարության մեջ: