ABCMEDIA
Նախապես համաձայնեցնում ենք տեղաշարժը Լաչինի միջանցքով, փոխանցում անձանց տվյալները. ԿԽՄԿ պարզաբանումը

Նախապես համաձայնեցնում ենք տեղաշարժը Լաչինի միջանցքով, փոխանցում անձանց տվյալները. ԿԽՄԿ պարզաբանումը

Այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով ՀՀ բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր. տեղեկացրել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ նշել էր, որ ԱՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։

ABC Media-ի հետ զրույցում ԿԽՄԿ-ի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին նշեց, որ հարցը քննարկում են կողմերի հետ, շատ մանրամասներ հայտնել չի կարող։

«Մեր կազմակերպությունը իր մարդասիրական բոլոր գործողությունները Լաչինում իրականացնելիս նախապես համաձայնեցնում է իր տեղաշարժը՝ կողմերում որոշում կայացնողների հետ։ Սա ներառում է նաև անձանց տվյալների փոխանցումն, ու դրանից հետո միայն իրականացվում է աշխատանքը, այսինքն մարդկանց ապահով տեղափոխումը այն ուղղությամբ, որով տեղաշարժվում են։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս հարցին, բնականաբար ցանկացած խնդիր տարբեր տեսանկյունից քննարկում ենք, բայց դրա մասին խոսում ենք անմիջապես կողմի հետ և հիմնականում դա տեղի է ունենում կոնֆիդենցյալ երկխոսության միջոցով։ Այս պահի դրությամբ ավելին ասել չեմ կարող դեպքի կապակցությամբ»,-ասաց Ամատունին։

Հարցին, թե ինչ աշխատանքներ են տանում 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու համար, Ամատունին պատասխանեց` դա ևս հրապարակման ենթակա չէ։