
Դիանա Գասպարյանի մասին ինչո՞ւ ԱԺ-ից չհնչեց «կաշառակեր» բառն անգամ․ Արծվիկ Մինասյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ամբիոնից հակադարձեց իշխանության ներկայացուցիչների՝ մասնավարապես Ռուբեն Ռուբինյանի այն խոսույթին, թե նախկինների սիրած զբաղմունքն է կաշառակերությամբ զբաղվելը։ Պատգամավորը որպես օրինակ նշեց Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին վերաբերող դատական ակտը։ Նա ընդգծեց, որ չի հիշում, թե կաշառակերության համար Դիանա Գասպարյանին բերման ենթարկած լինեն, ոստիկանական ուժեր կիրառեն, և որ այդ առիթով ԱԺ-ից չի հնչում «կաշառակեր» բառն անգամ, ավելացնելով, որ դա ճիշտ է, որովհետև մարդու անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել։
Իսկ ինչ վերաբերում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, Միանսյանն ասաց․ «Մինչև Եվրոպական դատարանի կողմից Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գործի հերքումը, ձեզանից ո՞վ էր ՀՀ-ի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով խառնակչության, զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանին դատապարտում»։
Մեկ այլ օրինակ էլ վերջերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գնահատականն էր, որով չեն վիճարկվել Նիկոլ Փաշինյանի կողմից մի շարք խախտումներ, բայց ՔՊ-ականներից որևէ մեկը ԱԺ ամբիոնից չդատապարտեց այդ խոսույթը։
Մինասյանն ընդգծեց՝ իշխանության ներկայացուցիչներն ԱԺ-ից շարունակում են պատգամավորին ոչ վայել բառապաշար օգտագործել և դա անվանել քաղաքական գնահատական։ Դրանց թվում են այնպիսի անվայել արտահայտություններ, ինչպիսիք են՝ «կոռուպցիոներ սրիկան», «կոռուպցիոն շանորդի»-ն և այլն։
«Եթե դուք որպես իշխանություն համարում եք, որ իրավական պետություն եք ուզում կառուցել, անմեղության կանխավարկածի հիմնարար իրավունքը հարգեք, դա ձեզ է պետք, որովհետև վաղն իշխանափոխությունից հետո դուք եք բողոքելու այդ ամեն ինչից»,-եզրափակեց Մինասյանը։


