
Անվճար Wi-Fi ցանցը կարող է թանկ արժենալ․ ՆԳՆ-ն հորդորում է լինել զգոն
Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելիս. հաճախ «անվճարը» կարող է թանկ արժենալ․ զգուշացնում են ՆԳՆ-ից։
«Հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկատվությունը հաճախ անպաշտպան է, և կիբեռհանցագործները առանց ձեր գիտության կարող են որսալ ձեր տվյալները, օրինակ՝ մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները և այլն։
Ահա մի քանի պարզ քայլ, որոնք կարող են Ձեզ պաշտպանել թվային այդպիսի վտանգներից.
- Խուսափեք բանկային հավելված մուտք գործելուց,
- Զերծ մնացեք առցանց գնումներ կատարելուց,
- Օգտվեք VPN ծառայություններից,
- Անջատեք ֆայլերի փոխանակման (AirDrop, File Sharing, Bluetooth և այլն) ծառայությունները,
- Պարբերաբար ստուգեք սարքում պահպանված Wi-Fi ցանցերի ցանկը և հեռացրեք նախկինում օգտագործված բաց ցանցերը,
- Հիշեք անջատված պահել սարքի Wi-Fi-ը, երբ այլևս չեք օգտագործում:
Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով»,- հորդորում են ուժային կառույցից։


