
ԱԱԾ-ն մտնում է մարդկանց տներ, երեխաների աչքի առաջ բերման ենթարկում, տոտալիտար ռեժիմ է․ Լիլիթ Գալստյան
Նիկոլ Փաշինյանը չի որոշում, թե որ քաղաքական ուժերը պետք է լինեն խորհրդարանում․ կա ժողովուրդ, կան ընտրողներ․ այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերը չպետք է տեղ ունենան նոր խորհրդարանում։
«Հասել ենք նրան, որ ԱԱԾ-ն մտնում է մարդկանց տներ, երեխաների աչքի առաջ բերման ենթարկում։ Ինքը չի բացառում տարբեր կուսակցություններ արգելելը, որովհետև հասկանում է, որ արդար պայքարում կկորցնի»,- ասաց Արթուր Խաչատյանը։
Պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ հավելեց՝ Հայաստանը վաղուց խեղդվում է բռնատիրության ճիրաններում, և այդ բռնատիրական կարգերը Հայաստանում սահմանում է Նիկոլ Փաշինյանը։
«Ընտրված, ոչ իշխանական, իշխանության քիմքին ոչ հաճո թեկնածուները կա՛մ հայտնվում են ճաղավանդակի հետևում, կա՛մ մահանում են»,- նշեց պատգամավորը։
Լիլիթ Գալստյանի խոսքով՝ Հայաստանում խորացող տոտալիտար ռեժիմ է․ չեն բացառում որևէ բան։ Նրանց նպատակն է վախի մթնոլորտում անել ամեն ինչ։ «Մարդիկ հասկացել են, որ այս քաղաքական ճանապարհը նոր կորուստների և պետականության գլխին կախված մեծ հարցականի ճանապարհն է»,- ասաց Գալստյանը։


