ABCMEDIA
Ադրբեջանական կրակահերթի հետևանքով Սոթքի բաց հանքի շահագործումը կդադարեցվի, անձնակազմը կուղարկվի հարկադիր պարապուրդի

Ադրբեջանական կրակահերթի հետևանքով Սոթքի բաց հանքի շահագործումը կդադարեցվի, անձնակազմը կուղարկվի հարկադիր պարապուրդի

ԳՊՄ ԳՈԼԴ ընկերությունը տեղեկացնում է․ «Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել է իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ։ Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային։

Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։ Որպես հետևանք, Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել Ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։

Այդպիսով, Ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր): Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, ԳՊՄ ԳՈԼԴ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել  դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի»։