4-րդ դասարանի ավարտին այլևս գիտելիք չի ստուգվի, աշակերտը կտեղափոխվի հաջորդ դասարան՝ բնութագրերի հիման վրա. ԿԳՄՍՆ
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ յուրաքանչյուր տարվա համար
առաջարկվում է ավարտական քննությունները համապատասխանեցնել գնահատման նոր համակարգին,
չափորոշչի տրամաբանությանը, կրթական քաղաքականությանը․ հայտնում ե ԿԳՄՍՆ-ից։
Հաշվի առնելով, որ տարրական դասարաններում նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ գնահատումն
իրականացվելու է բնութագրման միջոցով, և միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից է սովորողը
միավորային գնահատական ստանալու, ուստի կրթական 1-ին աստիճանի գիտելիքի ստուգումը համապատասխանեցվել
է այդ տրամաբանությանը։ Նոր չափորոշչի կարևոր բաղադրիչ է նախագծային ուսուցումը, որի
ներդրման արդյունավետությունը սովորողների մոտ առավել կդրսևորվի հատկապես բնագիտական
ուղղությունների ավարտական քննությունների ընթացքում։
Ըստ այդմ՝ 2023-2024 ուստարում Տավուշի մարզի, իսկ հաջորդող տարիներին՝
ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում, նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ, իրականացվելու
է փոփոխություն կրթական աստիճանի ավարտին իրականացվող գիտելիքի ստուգման, ավարտական,
պետական ավարտական քննությունների գործընթացում, մասնավորապես՝ 4-րդ դասարանում կրթական
ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում, և սովորողը կտեղափոխվի կրթության
հաջորդ աստիճան՝ ձևավորված բնութագրերի հիման վրա, որը որպես սովորողի գիտելիքի վերջնարդյունք՝
կհամարվի ատեստավորում: