09 Նոյ
2026
2° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրոն. Քարվաճառի ճարտարապետը

Հրոն. Քարվաճառի ճարտարապետը

Հրոն զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 31-ին։ Ընդհատված կյանքեր կան, որ մնում են կոկորդումդ, անկախ նրանից, թե քանի տարի կանցնի։

Հրոն Քարվաճառ էր տեղափոխվել բավականին ուշ, 2018 կամ 2019 թվականին։ Քարվաճառի այն եզակի բնակիչներից էր, ում անձամբ չէի ճանաչում, բայց միշտ բարևում էինք իրար։ Ու միշտ տպավորություն կար, թե ճանաչում ենք իրար։

Մի օր ինձ ու Դավիթին հրավիրեց իր տարածք։ Այդպես էր կոչվում. «Հրոյի տարածք». տարածքը կար, տունը՝ դեռ ոչ ամբողջական։ Տարածք, այն էլ ինչ տարածք։ Շատ բծախնդրորեն էր ընտրել Հրոն իր տարածքը։ Քարվաճառի թերևս ամենաչքնաղ տեսարանն էր բացվում Հրոյի տարածքից. ձորի պռնկին էր, հորիզոնում ոչ մի ավելորդ շինություն, միայն Քարվաճառի բնությունն էր՝ իր անխնա վայրի գեղեցկությամբ։

Հրոն նստում էր իր տարածքում (իր ձեռքով հատուկ աթոռներ էր սարքել), նայում սարերին ու երազում։ Մեծ երազող էր։ Մասնագիտությամբ՝ ճարտարապետ, ձեռքի անսահման շնորհով, մեծ երևակայությամբ ու ստեղծագործականությամբ։

Այդ երեկո, փոքրիկ խարույկի մոտ նստած, Հրոն նայում էր սարերին ու վստահորեն պատմում, թե մի քանի տարի անց հանդիպակաց սարերն իրար ինչպես են կապվելու ճոպանուղիով. մասնագիտական գիտելիքը նրան թույլ էր տալիս վստահ լինել իր երազանքներում։

Հենց ինքն էլ նախագծելու էր։

Քարվաճառը բորբոքում էր նրա ստեղծարարությունը. նկարագրում էր բարեկարգ փողոցները, հարյուրավոր տներն ու շինությունները, որ մտքում արդեն պատրաստ էին։ Զարմացած էի. մինչև Հրոյին հանդիպելը համոզված էի, որ Քարվաճառի հետ կապված ամենամեծ երազողը ես էի...

Հրոյին վերջին անգամ հանդիպեցինք պատերազմի ամենաթեժ օրերին, շտապում էր։ Հազիվ մի քանի բառ փոխանակեցինք, ու արագ հեռացավ. նրա գնալուց հետո մտածում էի. տեսնես ինչո՞ւ է պատերազմ գնում, ախր նրա գործն արարելն է։

Իսկ Հրոն գնաց պատերազմ, որ արարելու իրավունք ու հնարավորություն ստանար։

Հրոն զոհվեց հոկտեմբերի 31-ին, Շուշիի մոտակայքում։

Նոյեմբերի իննին Շուշին պիտի հանձնվեր՝ Հրոյի երազանքների Քարվաճառի հետ միասին։

Ընդհատված կյանքեր կան, որ մնում են կոկորդումդ...

Թամարա Գրիգորյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ