ABCMEDIA
ՀՌԱՀ-ը որոշել է, որ «Սպուտնիկ Արմենիա»-ի հյուրը տվել է գնահատականներ, «որի բարոյական իրավունքը չուներ» և 30 օրով եթերազրկել է ռադիոկայանին

ՀՌԱՀ-ը որոշել է, որ «Սպուտնիկ Արմենիա»-ի հյուրը տվել է գնահատականներ, «որի բարոյական իրավունքը չուներ» և 30 օրով եթերազրկել է ռադիոկայանին

«Սպուտնիկ Արմենիա»
ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցվել է, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը
մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Նման որոշում է կայացվել այսօր Հեռուստատեսության
և ռադիոյի հանձնաժողովի նիստում։ Եթերի կասեցումից բացի, ընկերության նկատմամբ վարչական
երկու վարույթ է հարուցվել, ընկերությունը տուգանվել է 500 հազար դրամով։

Հանձնաժողովը համարում
է, որ եթերում խախտվել են «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի» որոշ դրույթներ։

Ըստ կազմված արձանագրության՝
առաջին վարույթը վերաբերում է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդմանը․ նոյեմբերի
17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը իբրև թե ծաղրական և նսեմացուցիչ
ձևակերպումներ է արել Հայաստանի ու հայ ժողովրդի մասին, տվել գնահատականներ, որի բարոյական
իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի:

Երկրորդ վարչական վարույթը
վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը։ Ըստ հաղորդագրության՝ հնչեցվել են այնպիսի
կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ
ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ են առաջացնում։ Հաղորդման ընթացքում, ըստ հանձնաժողովի,
հնչեցվել են ոչ հավաստի, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ:

Քեոսայանի հաղորդումը
չի պատրաստվել հայկական խմբագրության կողմից, այլ ռուսական հեռարձակման մաս է եղել։