
Միջազգային հանրությունը կարևոր մարտահրավերների է բախվում խաղաղության ճանապարհին․ Հաքան Ֆիդան
Ներկայիս զարգացումները սպառնում են տարածաշրջանի ապագային, որտեղ գտնվում է Թուրքիան․ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ։
Նա նշել է, որ ֆորումում քննարկվում են ներկայիս համաշխարհային զարգացումները։
«Աշխարհում ամեն օր տեղի են ունենում ճգնաժամեր, և դա ազդում է համաշխարհային գործընթացների վրա։ Տարածաշրջանում վերջին իրադարձությունները դրա վառ օրինակն են։ Ձեռք բերված հրադադարը և խաղաղությունը պետք է կայուն լինեն», – հայտարարել է Ֆիդանը։
Նա ընդգծել է, որ դիվանագիտությունը պետք է դառնա գործունակ, որից հետո հնարավոր կլինի զարգացնել համատեղ ապագա։
Թուրք նախարարը նշել է, որ միջազգային հանրությունը կարևոր մարտահրավերների է բախվում խաղաղության ճանապարհին։ Նրա խոսքով՝ Թուրքիան այն երկրներից է, որը կարող է միջնորդել երկխոսությունը տարածաշրջանում տարբեր ճգնաժամերի պայմաններում։
Ֆիդանի կարծիքով՝ տարածաշրջանային կայունության վրա բացասաբար ազդող գործոնների թվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Սիրիայում և Իրանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Սուդանում ներքին հակամարտությունները։
«Անկարան պատրաստ է շարունակել իր ներդրումը հակամարտությունների կարգավորման գործում։ Մեր հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանները պատերազմի, ահաբեկչության և օկուպացիայի ռիսկերից ազատելն է», – նշել է Ֆիդանը։


