
Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան, հանդիպում ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ․ տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքարանից։
Պոլսո հայոց պատրիարքն անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների և Հայաստանի կառավարության ներկայացուցիչների միջև առճակատումներին՝ այդ առնչությամբ հայտնելով իր մտահոգությունները։ Նշվում է, որ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հաշտություն և համերաշխություն կվերահաստատվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի կառավարության միջև։
Պոլսո հայոց պատրիարքը նաև ընդգծել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման սահուն ընթացքը ապահովելու կարևորությունը, ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը, որը հույս պիտի ներշնչի տարածաշրջանի ժողովուրդների համերաշխ գոյատևման և միասնական զարգացման առումով։
Նշվում է, որ Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ Ալեն Սիմոնյանը ցանկություն է հայտնել հանդիպել նաև Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ, որը կայացել է պատրիարքարանի դահլիճում։


