
Թրամփի դեսպանորդը խնդրել է ՖԻՖԱ-ին Աշխարհի առաջնությունում Իրանին փոխարինել Իտալիայով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Պաոլո Զամպոլին խնդրել է ՖԻՖԱ-ին առաջիկա Աշխարհի առաջնությունում Իրանին փոխարինել Իտալիայով․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Financial Times-ին։
Իրավիճակին ծանոթ աղբյուրների հաղորդմամբ՝ սա Թրամփի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի միջև սրված հարաբերությունները վերականգնելու փորձ է․ երկու երկրների առաջնորդների միջև լարվածություն առաջացավ Իրանի դեմ պատերազմի առնչությամբ Հռոմի պապ Լևոն XIV-ի դեմ ԱՄՆ նախագահի քննադատությունների ֆոնին։
«Հաստատում եմ, որ Թրամփին և ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին առաջարկել եմ, որ Աշխարհի առաջնությունում Իտալիան փոխարինի Իրանին։ Ես իտալացի եմ, և ինձ համար երազանք կլիներ տեսնել «Կապույտ թիմին» (Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական) ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարում»,- ասել է Զամպոլին՝ հավելելով, որ Իտալիայի՝ Աշխարհի առաջնության քառակի չեմպիոն լինելն արդարացնում է մրցաշարում նրա ընդգրկվելը։
Սպիտակ տունը, ՖԻՖԱ-ն, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան չեն արձագանքել Reuters-ի` մեկնաբանելու խնդրանքներին։
Իտալիան երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի Աշխարհի առաջնությանը․ մարտին որակավորման փլեյ-օֆֆի եզրափակչում Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում Իտալիան 4-1 հաշվով պարտություն կրեց։
Իրանը, սակայն, չորրորդ անգամ անընդմեջ որակավորվել է Աշխարհի գավաթի խաղարկության համար․ պատերազմի սկսվելուց հետո, Իսլամական Հանրապետության ազգային հավաքականը ՖԻՖԱ-ին խնդրել էր թիմի երեք խաղերն ԱՄՆ-ից տեղափոխել Մեքսիկա։


