
Տարածաշրջանում խաղաղությունն անհնար է, քանի չեն վերականգնվել արցախցու իրավունքները․ հայտարարություն
Արցախ միությունը ողջունում է ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի իրավունքների վերաբերյալ կարևորագույն դրույթների ներառումը, որոնք առնչվում են վերադարձին, մշակութային ժառանգության պաշտպանությանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը և պատանդների ազատ արձակմանը (12-րդ և 13-րդ հոդվածներ), միությունը նման հայտարարություն է տարածել․ հայտնում է միությունը։
«Մենք առանձնացնում ենք հատկապես հետևյալ դրույթները․
- Վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ՝ նրանց ինքնության, գույքի և մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև համապատասխան միջազգային երաշխիքներով անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի նրանց իրավունքը»:
- Կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մեղավորներին և միջազգային գնահատման առաքելություն կազմակերպել»:
- Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորների և պատանդների անարդարացի ազատազրկումը. պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատում»:
- Նկատի է առնում մինչ այժմ ձեռնարկված քայլերը և կոչ է անում հետագա վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել. կոչ է անում լիովին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները:
Արցախ Միությունը բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ու խմբակցությունների հետևողական ու սկզբունքային դիրքորոշումը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում, որն արտահայտվում է վերջին տարիներին ընդունված բանաձևերում՝ նույնիսկ կառավարությունների դիրքորոշումների կտրուկ փոփոխության պայմաններում։
«Եվրոպական խորհրդարանի բանաձևերը հստակ ուղենիշներ են Եվրոպական Միության և նրա անդամ երկրների գործադիր իշխանությունների համար, որոնք բացարձակապես անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ իրենց աշխարհաքաղաքական շահերի նեղ ընկալումներից ելնելով:
«Այս բանաձևը կարևոր ազդակ է մեր ժողովրդի համար, որ մենք ամբողջապես մոռացված չենք միջազգային հանրության կողմից և ունենք արժեքահեն բարեկամներ, որոնք շարունակում են աջակցությունը մեր հավաքական ու անհատական իրավունքներին: Հույս ունենք, որ մայիսի 4-5-ը Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ԵՄ-Հայաստան 1-ին գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական Միության և անդամ պետությունների ղեկավարները հաշվի կառնեն ԵԽ վերջին բանաձևը և դրանից բխող գործողություններ ու հայտարարություններ կկատարեն»,-նշել է Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը:
Մենք շեշտադրում ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու ժողովրդավարական զարգացումն անհնար են, քանի դեռ չեն վերականգնվել ու պաշտպանվել Արցախի ժողովրդի իրավունքները և արմատախիլ չի արվել հայատյացության պետական քաղաքականությունը Ադրբեջանում»,- ասված է հայտարարության մեջ։


