
Զբոսանավը, որի վրա հանտավիրուս է բռնկվել, կուղևորվի Իսպանիա՝ Կանարյան կղզիներում կանգ առնելու թույլտվություն ստանալուց հետո
MV Hondius շքեղ զբոսանավը, որի վրա հանտավիրուս է բռնկվել, կուղևորվի Կանարյան կղզիներ․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսպանիայի առողջապահության նախարարությանը։
Նախարարությունը հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ԵՄ-ն խնդրել են ընդունել MV Hondius նավը՝ «միջազգային իրավունքի և մարդասիրական սկզբունքների համաձայն»։
Իշխանությունները հայտարարել են նաև, որ նավի բժիշկը կտարհանվի, քանի որ գտնվում է շատ ծանր վիճակում։
Բժիշկը Նիդեռլանդների քաղաքացի է։ Ապրիլի սկզբին վարակի բռնկման ի հայտ գալուց ի վեր մահացել են հոլանդացի զույգ և Գերմանիայի քաղաքացի․ մեկ բրիտանացի տարհանվել է նավից և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ Հարավային Աֆրիկայում։
Ուղևորության վերջնակետն ի սկզբանե պետք է լիներ Կաբո Վերդեն, սակայն Արևմտյան Աֆրիկայում գտնվող երկիրը թույլ չի տվել նավին ուղևորներին ափ իջեցնել։
Իսպանիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Կանարյան կղզիներ ժամանելուն պես անձնակազմը և ուղևորները կզննվեն, կստանան համապատասխան բուժօգնություն և կվերադարձվեն իրենց համապատասխան երկրներ։


